Միշան «Ձայնը. Երեխաների» երկրպագուներին ներկայացրել է Արցախը և պատմել ժենգյալով հացի մասին

Ռուսական առաջին ալիքը «Ձայնը. Երեխաներ» նախագծի 6-րդ եթերաշրջանի շրջանակում տեսանյութ է պատրաստել շոուի մասնակից ստեփանակերտցի Միշա Գրիգորյանի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Ձայնը. Երեխաներ» նախագծի մասնակից Միշա Գրիգորյանը ներկայացրել Արցախի իր սիրելի վայրերը, ինչպես նաև պատմել իր ընտանիքի և հետաքրքրությունների մասին։

Փոքրիկ երգիչը նշել է, որ երաժշտական ընտանիքում է մեծացել։ Մայրը մանկապարտեզում երաժշտության ուսուցչուհի է, հայրը` զինվորական նվագախմբի դիրիժոր։ Նա հաճախ է հետևում հոր և մյուս երաժիշտների աշխատանքին, երբեմն նույնիսկ նկատում է նրանց սխալները։

«Երբ տուն է գալիս, ասում է իր նկատածը, և մենք սկսում ենք քննարկել», – ասում է Միշայի մայրը` Լուսինե Գրիգորյանը։

Միշայի խոսքով, նա շատ է սիրում հեծանիվով շրջել հարազատ Ստեփանակերտում, «Մենք ենք մեր սարերը» արձանի մոտ։ Բացի այդ տղան սիրում է նաև լինել Շուշիում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։

«Երբ եկեղեցի եմ գնում, միշտ երկու մոմ եմ վառում, որպեսզի աղոթքս հասնի Աստծուն», – ասում է նա։

Միշայի խոսքով` Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է, խոհանոցն էլ շատ համեղ։

Մելաձեն կանգնեց, Լոբոդան հիացավ. արցախցի Միշան ֆուրոր արեց «Ձայնը» շոուում. տեսանյութ

Գտնվելով բարեկամների մոտ Մոսկվայում`նա մայրիկի հետ միասին պատրաստել է ավանդական ժենգյալով հաց։

«Ես փորձել եմ պատրաստել, վատ չի ստացվում», – ասում է Միշան։

Վոկալի պարապմունքներից հետո, ազատ ժամանակ Միշան զբաղվում է նրանով, ինչ հետաքրքիր է իրեն` նկարչություն, լող, ֆուտբոլ։

Միշան անկեղծանում է` կակազելն իրեն ընդհանրապես չի մտահոգվում, ավելին` այդ առանձնահատկությունն օգնում է նրան երգեցողության մեջ։

«Ես ընդհանրապես չեմ մտահոգվում, որ կակազում եմ։ Հակառակը, դա ինձ հանգստություն է տալիս», – վստահեցնում է տղան։

Պատանի արտիստը խոստովանում է, որ միշտ ցանկացել է մասնակցել մանկական «Եվրատեսիլին», և նրա երազանքն իրականացել է։

«Ես ընտրել եմ երաժշտությունը։ Ամբողջ կյանքում զբաղվելու եմ երաժշտությամբ, քանի որ ոչ մի րոպե չեմ կարող առանց դրա», – ասում է Միշան։

Ծնողներն, իրենց հերթին, պատրաստ են աջակցել որդուն, երազանքն իրականացնել։

Առայժմ Միշայի նպատակը «Ձայնը. Երեխաներ» նախագծում հաղթելն է։

Անգլիան, Աբխազիան ու Հայաստանը «Մանկական Նոր ալիքում» ներկայացնելու են հայերը․ տեսանյութ

9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: Փոքրիկ արցախցին 2016 թ.-ին մեր հայրենիքը ներկայացրել է մանկական «Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: