ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը: Այս մասին այսօր, Սահմանապահ զորքերի օրվա առիթով ասաց Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Մեր հայրենիքի սահմանները սրբազան են, այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի և նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում սահմանապահ զորքն է:
Չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների: Կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որից սկսում է մեր անվտանգությունն ու ապահովությունը»,- ասաց նա:
Մասնագիտական տոնի օրը ԱԱԾ տնօրենը նաև երախտագիտության խոսք ասաց բոլոր նրանց, ովքեր սերտորեն համագործակցում են սահմանապահների հետ` ՌԴ գործընկերներին, ՀՀ զինված ուժերին, Ոստիկանության ներքին զորքերին, ինչպես նաև այն պետական կառույցներին, որոնց հետ արդյունավետ համագործակցում են մեր սահմանապահները:
Նշենք, որ Սահմանապահ զորքերի տոնի առթիվ այսօր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: