Քեռին, բարեկամները և կոռուպցիայի նկատմամբ ընդգծված ատելությունը. պարզաբանում ՊՎԾ-ից

Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն արդեն հասցրել է հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ հայտարարագրում իրեն պատկանող գումարների ծագումը չմեկնաբանելու պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի անունից այսօր՝ ապրիլի 26-ին հաղորդագրություն է տարածվել Պետական վերահսկողության ծառայության Facebook-ի էջում:

Ըստ գրառման՝ Քյարամյանը իրեն պարտավորված է համարել կրկին անդրադառնալ իր հայտարարագրի թեմային: Նա իր ունեցվածքի ծագումնաբանությունը բովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորել է միայն նրանով, որ անկեղծ ցանկություն է ունեցել ընդգծել յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ պաշտոնյայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կարևորությունը:

Հեմոդիալիզի թեման փակված չէ. դատախազությունը նոր գործեր է հարուցել

«Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։ Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը»,- ներկայացված է գրառման մեջ։

Քյարամյանը պնդում է, որ հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, ողջ կյանքն ապրել է հզոր հայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունի ընդգծված ատելություն, որն անթաքույց ցուցադրել է ողջ կյանքի ընթացքում:

«Երբևէ չեմ առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել, առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին»,- գրված է ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի անունից տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին ժամանակավորապես կփոխարինի նրա տեղակալ Արգիշտի Քարամյանը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՊՎԾ–ից` նշելով, որ այդ նշանակումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնական գրության հիման վրա։

Ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է շինծու։