ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում նոր քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տարիներ շարունակ` 2015-18թթ–ին և 2019թ–ի սկզբում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ն ու Վանաձորի բժշկական կենտրոնը 1 613 331 000 դրամի դիալիզի պարագաներ ձեռք են բերել «Ա» ՍՊԸ–ից։
Բայց այդ, պարագաների իրական արժեքը 722 670 000 դրամ է եղել, փաստորեն դրանք հիվանդանոցներին են մատակարարվել 2.2 անգամ թանկ գնով:
Նշված ժամանակահատվածում երկու հիվանդանոցներն իրականացրել են գնման 8 ընթացակարգ և բոլորում հաղթողել է նույն Ա» ընկերությունը: Դատախազությունը հայտարարում է, որ մրցույթները կազմակերպվել են օրենքի խախտմամբ:
Օրինակ` «Ա» ՍՊԸ-ն է դիալիզատորի միավորի համար առաջարկել է 7000 ՀՀ դրամ, մինչդեռ մրցույթին մասնակցած 4 այլ ընկերություններ առաջարկել են 300 դրամով պակաս՝ 6700 դրամի առաջարկ։
Այսօրինակ, բազմաթիվ այլ փաստերի հիման վրա երկու բժշկական կենտրոնների իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։
Փետրվարի 27-28-ի գիշերը կալանավորվել է նաև մինչ այդ նույն գործի շրջանակում հարցաքննված «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանը։
Ավելի ուշ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ Նա ժամանակավորապես հեռացվեց պաշտոնից։
Այս քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական բաժինը։