Հայաստանի սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացուն տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց

Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովի բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Ադրբեջանցի սահմանախախտն իր ընտանիքի հետ ՀՀ-ում կարող է հանդիպել 3 պարագայում. մանրամասներ

«Ապրիլի 24-ին «էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է»,–ասված է հայտարարության մեջ:

Տեղեկացվում է, որ բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների և Կարմիր խաչի գրասենյակի սերտ համագործակցությամբ:

Հիշեցնենք, որ Հիբրագիմովը ՀՀ սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է:

ՀՀ պետական սահմանը Էլվին Հիբրագիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: