Հայաստանի բանկերը կարող են միանալ փոխհաշվարկների ռուսական համակարգին. Մաքսիմով

Բելառուսի ու Ղազախստանի բանկերն արդեն միացել են Ֆինանսական տեղեկատվության փոխանցման համակարգին (ՖՏՓՀ), որը ստեղծվել է որպես SWIFT–ի այլընտրանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի և այլ երկրների բանկերը կարող են միանալ հաշվարկների մի համակարգի, որը SWIFT–ի այլընտրանքն է։ Այդ հնարավորությունը բաց է նաև ԵԱՏՄ–ի բանկերի համար։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա – Երևան տեսակապի ընթացքում այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը։

ԵԱՏՄ–ում ինտեգրվելը տեղում չի դոփում. ամեն ինչ կքննարկենք Երևանում. Մաքսիմով

Ռուսաստանում որոշեցին Ֆինանսական տեղեկատվության փոխանցման համակարգ (ՖՏՓՀ) մշակել 2014 թվականին, երբ արևմտյան երկրները հայտարարեցին, որ ուկրաինական հարցով պատժամիջոցներ է կիրառելու, իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կոչ արել SWIFT համակարգից անջատել ռուսական բանկերին։

Դրանից հետո Ռուսաստանում ստեղծեցին այլընտրանքային ՖՏՓՀ համակարգը, որպեսզի խնդիրներ չառաջանան SWIFT–ից անջատելու դեպքում։ Մինչև այսօր էլ դեռ չեն համարձակվել այդ քայլին գնալ։ Մաքսիմովն ընդգծեց, որ այնուամենայնիվ, ՖՏՓՀ–ն ոչ թե պարզապես «պահեստային տարբերակ» է, այլ փոխհաշվարկների գործող համակարգ, որից օգտվում են Ռուսաստանի, իսկ վերջերս արդեն նաև Բելառուսի ու Ղազախստանի բանկերը։

«Հայկական բանկերն էլ կարող են այս համակարգում աշխատել։ Ու ոչ ոք իրավունք չունի դրա համար նրանց պատժամիջոցների ենթարկել։ Սա այլընտրանք է ազատ ֆինանսական շուկայում», – ընդգծեց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարը։

Նրա խոսքով` համակարգը մեծացնում է բանկերի անկախությունը։

Նշենք` ՖՏՓՀ–ին արդեն 400 ֆինանսական կազմակերպություն են միացել։