«Գազպրոմ Արմենիայում» կրճատումներ կլինեն. պաշտոնյան հայտնել է` քանի մարդ կկրճատվի

Հայաստանում սպասում են ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչներին։ Քննարկվելու է գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի օպտիմալացման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. 2019 թվականին գազի գինը չի թանկանա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը` հայտնելով, որ այս հարցով Հայաստանի իշխանությունները պայմանավորվածություն ունեն ռուսական «Գազպրոմի» հետ։

ՀՀ կառավարությունը գազի գնի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել «Գազպրոմ Արմենիային»

«Գազպրոմն» առաջիկայում մասնագիտական խումբ է գործուղելու Հայաստան` «Գազպրոմ Արմենիայի» հետ համատեղ քննարկումների նպատակով։

«Հենց որ լինեն որոշակի ավարտուն տեսքի մոտեցումներ, բնականաբար, դա կդրվի նաև հանրային քննարկման, բոլորը տեղյակ կլինեն՝ ինչ է քննարկվում»,-ասաց Բաղրամյանը։

Հարցին, թե հնարավոր է, որ սահմանին ռուսական գազի 15 տոկոս թանկացումը փոխհատուցվի «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին, պաշտոնյան պատասխանեց. «Նաև դրա հաշվին է փոխհատուցվելու: Երբ մոդելային քննարկումը կավարտենք, բոլոր հաշվարկները, մոտեցումները կդնենք հանրային քննարկման, նոր կոնկրետ որոշումներ կկայացնենք։ Բայց կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե խումբը երբ կժամանի»:

Այդուհանդերձ, ՀԾԿՀ պետը հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիայում» ծախսերի օպտիմալացման և աշխատակիցների կրճատման խնդիր կա։ Նրա խոսքով` աշխատակիցների աշխատավարձերը ևս հաշվարկված են սակագնի ձևավորման մեջ։

«Գազպրոմ Արմենիայում» զանգվածային կրճատումների մասին խոսք չկա. փոխվարչապետ

Բաղրամյանի հաշվարկով` առաջիկա 4-5 տարվա ընթացքում «Գազպրոմ Արմենիայից» 500-1000 աշխատակ կկրճատվի։

Հիշեցնենք` ապրիլի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ «Գազպրոմ Արմենիայի» հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չկա։

Մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ սպառողների համար գազի գործող սակագինը պահպանելու համար «Գազպրոմ Արմենիան» իր աշխատակից տեսուչներից շատերին ծանուցել է աշխատանքից ազատման մասին։