ԵԱՏՄ–ում ինտեգրվելը տեղում չի դոփում. ամեն ինչ կքննարկենք Երևանում. Մաքսիմով

Մաքսիմովը վստահեցնում է` որքան ինտեգրումը խորն է, այնքան ավելի մանրամասն է պետք քննարկել փոխադարձ շահերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Պետք չէ ասել, թե ԵԱՏՄ գործընթացը դոփում է տեղում։ Նոր և կարևոր քայլեր են սպասվում, որոնք կքննարկվեն Երևանում միջկառավարական խորհրդի նիստում։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա–Երևան տեսակապի ընթացքում այս մասին ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը։

Ավելի վաղ ՌԴ էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Օրեշկինը հայտարարել էր, որ եվրասիական ինտեգրման գործընթացը մնացել է վերելակում` երկրներից մեկի (նա չնշեց երկրի անունը) ոչ այնքան կառուցողական դիրքորոշման պատճառով։

«Որքան ինտեգրումը խորն է, այնքան ավելի հաճախ են շոշափվում երկրի շահերը, ու այդքան ավելի մանրամասն են անցնում քննարկումները։ Սկզբում մենք նորմատիվային որոշումներ ենք կայացրել։ Սկսելն ավելի հեշտ է, քան զարգացնելը։ Այդ պատճառով հիմա մենք նոր քայլեր ավելի քիչ ենք անում։ Բայց դրանք որակապես այլ կլինեն, և դրանց արդյունքն ավելի նկատելի կլինի», – ասաց Մաքսիմովը։

Մասնավորապես, Երևանում կողմերը կքննարկեն ԵԱՏՄ երկրներում ապրանքների հետագծելիության միասնական համակարգերի հարցերը։ Դա թույլ կտա մաքսայինի աշխատակիցներին կանխել մաքսանենգությունը, իսկ բարեխիղճ բիզնեսի համար մի քանի անգամ կկրճատի ստուգումներն ու զննությունները։

Հիշեցնենք` ապրիլի 30-ին Երևան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Իսկ մայիսին կանցկացվի ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն պետությունների առաջնորդները։

Ռոտացիոն սկզբունքի համաձայն` այս տարի Եվրասիական Միությունը նախագահում է Հայաստանը։