ՊՆ–ն մեկնաբանել է Սիրիայում հայկական առաքելությունը մեծացնելու հնարավորությունը

Հայաստանի իշխանությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ ուղարկել արաբական երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Սիրիայում մարդասիրական առաքելության թվի մեծացման վերաբերյալ հարցին։

Տոնոյանը և Ժան-Պիեռ Լակրուան քննարկել են Սիրիայում մարդասիրական առաքելության խնդիրները

«Սիրիա ուղարկված հայկական առաքելության անդամների գործող և առավելագույն սահմանային թվակազմը` 83 մասնագետ, սահմանվել է Հալեպ քաղաքում և շրջակայքում իրականացվող խնդիրների ծավալներից ելնելով` ականազերծողների, բուժանձնակազմի և անվտանգության ապահովողների բավարար կարողություններ ունենալու նպատակադրությամբ։ Այժմ նշված թվակազմով հայ մասնագետները լիարժեքորեն կատարում են իրենց հանձնարարված խնդիրները և առաքելության անդամների թվաքանակի փոփոխություն չի նախատեսվում։ Հումանիտար առաքելության շրջանակում առաջադրանքների ծավալի կրճատման դեպքում կարող է քննարկել նաև խմբի թվաքանակի նվազեցման հնարավորությունը»,– հայտնում է ՊՆ–ն` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։

ՊՆ–ից նշում են նաև, որ առաքելությունը կրում է ժամանակավոր բնույթ։ Միջազգային (այդ թվում` մարդասիրական) իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համահունչ` առաքելության ավարտը պայմանավորված կլինի Հալեպում ո շրջակայքում ապրող բնակչության, այդ թվում` հայ համայնքի կյանքի պայմանների` բնականոն հուն վերադարձնելով։

«Մինչ այժմ Հայաստանից Սիրիա է ուղարկվել հումանիտար օգնության 5 խմբաքանակ։ Օգնությունն ուղարկվում է ըստ անհրաժեշտության` ընտրված վայրերում բնակչության կարիքներից ելնելով։ Այդպիսիք ի հայտ գալու դեպքում կկազմակերպվի հերթական խմբաքանակի առաքումը»,– հայտնում է նախարարությունը։

Ինչու է Հայաստանն առաքելություն ուղարկել Սիրիա. Փաշինյանի պարզաբանումը

83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել փետրվարի 8-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Մարտի 7-ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար էր տեղի ունեցել, որի հետևանքով հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել:

Սակրավորին տեղափոխել էին Մոսկվա, որտեղ նա կրկնակի վիրահատության էր ենթարկվել։ Հայ սակրավորն այժմ Երևանում է։ Առողջական վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի։