Ո՞վ կփոխարինի Դավիթ Սանասարյանին. նրա տեղակալը սպասում է Փաշինյանի որոշմանը

Լրագրողները հետաքրքրվեցին Դավիթ Սանասարյանի հնարավոր փոխարինողի ունեցվածքով ու բարեկամական կապերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Կան փոխադարձ հարգանքի վրա հիմնված, բայց ոչ քավոր–սանիկական հարաբերություններ։ Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ ինքը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկն է։

«Ես աշխատել եմ ոստիկանությունում, աշխատել եմ քննչական կոմիտեում, աշխատել եմ դատախազության տարբեր մարմիններում։ Շփումն այդ համատեքստում է տեղի ունեցել»,– ասաց նա։

Քենեդու սպանությունն ու կոռուպցիան. Դավիթ Սանասարյանը գրառում է արել Facebook–ում

Անդրադառնալով ՊՎԾ–ում Դավիթ Սանասարյանի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությանը` Արգիշտի Քարամյանն, ըստ էության, չհերքեց դա։

«Բոլորիդ քաջ հայտնի է, որ ՊՎԾ–ն վարչապետի ենթակայության մարմին է։ Պարոն վարչապետը ոնց որոշի, այդպես էլ կլինի»,– ասաց Քարամյանը։

Պատասխանելով իր հայտարարագրած 32 մլն դրամ և 40 000 դոլար ունեցվածքին`Արգիշտի Քարամյանը հայտարարեց, որ միշտ աշխատել է միայն պետական համակարգում, որևէ կլանային համակարգում կամ բիզնեսում չի եղել։

Հիշեցնենք` ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։