Օրակարգը, որն առաջարկում եմ, անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի համար. Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` երբ Բաքվում կհայտարարեն, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի և՛ ադրբեջանցի, և՛ հայ ժողովրդի համար, այդ ժամանակ միայն կարող են խոսել բանակցային գործընթացում բեկման մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Օրակարգը, որն առաջարկում եմ, բավականին անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժամանակ է պետք, որպեսզի հանգամանորեն աշխատանքային մթնոլորտում քննարկենք բոլոր նրբությունները: Կարծում եմ` մեկ տարվա ընթացքում և՛ Ադրբեջանը, և՛ Մինսկի խմբի համանախագահները համոզվեցին, որ մենք իսկապես ցանկանում ենք լուծել խնդիրը։ Մեր բոլոր առաջարկները ոչ թե ժամանակ ձգելու, այլ խնդիրը լուծելու, որոշակի քայլեր անելու համար են»,–ասել է Փաշինյանը:

Ռուսաստանի հետ հարաբերություններում մութ անկյուններ չկան. Փաշինյան

Նա, անդրադառնալով Արցախի հարցի լուծմանը, նշել է, որ եթե մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է լուծել մեկ օրում, մեկ շաբաթում կամ անգամ մեկ տարում, նշանակում է՝ նա իրական պատկերացում չունի Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Փաշինյանի խոսքով` երբ Բաքվում կհայտարարեն, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի և՛ ադրբեջանցի, և՛ հայ ժողովրդի համար, այդ ժամանակ միայն կարող են խոսել բանակցային գործընթացում բեկման մասին:

«Երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ դիրքերից, ապա հայկական կողմի հայտարարությունները` զիջումների և փոխզիջումների պատրաստակամության մասին, կարող են մեկնաբանվել որպես թուլություն: Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մեզ վախեցնել պատերազմով: Առհասարակ մեզ ոչ մի բանով չի կարելի վախեցնել, մենք մեզ շատ վստահ ենք զգում»,–ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 11–ին կոչ էր արել աջակցել Ղարաբաղի ժողովրդին։ «Կոչ եմ անում ԵԽԽՎ–ին, եվրոպական բոլոր կազմակերպություններին աջակցել ԼՂ ժողովրդին` կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները»,– ԵԽԽՎ–ում ելույթի ժամանակ ասել էր Փաշինյանը։

Նրա խոսքով` ԼՂ–ի հարցի կարգավորման հետ կապված հակասություններ կան, բացի այդ, Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն։