ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի զինվորներն ու հրամանատարական կազմն այսօր տնկեցին խորհրդանշական 95 տնկի:
Խորհրդանշական, որովհետև Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատն ապրիլի 25–ին նշում է իր կազմավորման 95-րդ ամյակը:
Սահմանապահ ջոկատի հրամանատարի պաշտոնակատար Ալեքսանդր Շչերբակովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պուրակը հետագայում ևս կլինի սահմանապահ ջոկատի հսկողության տակ: «Մեր սահմանապահ ջոկատն արդեն մոտ 100 տարի է, ինչ այս հողի վրա ծառայություն է անցնում, և մեր զինվորները, սպաները իրենց ծառայությունն անցնում են տեղի բնակչության հետ համատեղ՝ կողք կողքի: Այս անգամ մեր ջոկատի կազմավորման 95-րդ տարեդարձի ու Մեծ Հաղթանակի առաջիկա տոնի առթիվ որոշեցինք հիմնել պուրակ՝ հենց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ի հիշատակ այն մարդկանց, ովքեր ծառայել են այս ջոկատում այս տարիների ընթացքում»,-նշեց գնդապետ Շչերբակովը:
Ի դեպ, ծառերը կանադական թխկու տնկիներ են: «Հուսանք տնկիները լավ կաճեն և կուրախացնեն այստեղ զբոսնող բոլոր մարդկանց: Սա քաղաքին միայն դրական էներգիա կտա: Հուսով ենք` հսկել պետք չի լինի ու տեղի բնակչություն էլ շատ ուշադիր կլինի նորաստեղծ պուրակի յուրաքանչյուր տնկու հանդեպ»,-հավելեց գնդապետը:
Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի 132,6 կմ երկարությամբ հատվածը։ Սա այն ջոկատն է, որը տարիներ շարունակ կարողացել է ամուր պահել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանները՝ Շիրակի մարզի տարածքում: 1920-ականներին կազմավորված Ալեքսանդրապոլի սահմանապահ 2-րդ վաշտը, որը 1924 թվականի մայիսի 20-ին վերանվանվեց «Լենինականի սահմանապահ ջոկատ», երկար ճանապարհ է անցել: Այս ջոկատը լավագույններից է ոչ միայն հրամանատարական կազմի, այլև ավանդույթների և գործող համակարգի շնորհիվ, ինչը հաջողվել է պահպանել ԽՍՀՄ փլուզումից հետո: