Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից

Աղջիկը փրկել է մոր կյանքը։ Նրա լյարդից փոխպատվաստում է իրականացվել մորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ապրիլի 24-ին իրականացվել է լյարդի փոխպատվաստման վիրահատություն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պլաստիկ վիրահատության համար մեզ դիմում են նաև արտասահմանցիներ». Անի Այվազյան

Նա նշեց, որ փոխպատվաստումն իրականացվել է կենդանի դոնորից։ Այս հանգամանքը զարմացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Արսեն Թորոսյանը մանրամասնեց. «Աղջկանից տրվել է մորը։ Մի կտորը լյարդի վերցվում է, փոխպատվաստվում այն մարդուն, ում լյարդը չի գործում։ Դա թույլ է տալիս փրկել նրա կյանքը»։

Նախարարը նշեց, որ վիրահատությունն իրականացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում` ռուս մասնագետների աջակցությամբ։

Վիրահատության գումարը տրամադրել է առողջապահության նախարարությունը։ Նման վիրահատության արժեքը 100 000 դոլար է։