Դավիթ Տոնոյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարարի հետ. ինչ են պայմանավորվել

Երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հանդիպումը կայացել է ապրիլի 24-ին Մոսկվայում։

«Հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև բարձր մակարդակի փոխայցելություններ կազմակերպելու ուղղությամբ»,– նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են 2019թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։ Այն ներառում է շուրջ երկու տասնյակ միջոցառումներ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, կապի, կապիտալ շինարարության, ռազմատեխնիկական համագործակցության և մի շարք այլ ոլորտներում։

Հիշեցնենք, որ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: