Բյուջեն ընդունելիս կառավարությունը մոռացել է այլընտրանքային ծառայողներին

Պետությունն այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած զորակոչիկներին 6 ամսվա աշխատավարձ է պարտք մնացել։ Բյուջեյում նրանց գումարները մոռացել են հաշվարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 26 ծառայողներ արդեն մի քանի ամիս աշխատում են առանց վարձատրության։ Բանն այն է, որ 2019թ–ի բյուջեն հաստատելիս ՀՀ կառավարությունը դրա համար անհրաժեշտ գումարը բյուջեում չի ներառել։

Բանակում մարզական վաշտ կստեղծվի. Տոնոյանը հայտնեց` երբ կյանքի կկոչվի նախաձեռնությունը

Այս մասին ասված է ՀՀ կառավարության նիստում այսօր ներառված որոշման նախագծում։ Դրանում մասնավորապես նշված է. «2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա արդարադատության նախարարի կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 26 ծառայողի ծառայության ժամկետի ապահովման համար վճարման ենթակա գումարները ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն, որի պատճառով խնդիր է առաջանում այլընտրանքային աշխատանքային ծառայողներին օրենքով նախատեսված համապատասխան գումարներ վճարելու հարցում»:

Ստեղծված իրավիճակը շտկելու համար կառավարությունն այսօր որոշեց այլընտրանքային ծառայողներին պետության պարտք մնացած գումարների վճարման համար 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 8 250 000 դրամ։

Նշենք, որ 1 ծառայողի 1 ամսվա ծառայության գումարը կազմում է շուրջ 30 000 դրամ։

Որոշումը կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման ու քննարկումների։