«Բարգավաճ Հայաստանը» բոյկոտեց ցեմենտի մասին օրինագծի քննարկումը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները ցուցադրաբար լքեցին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը` ընդունված որոշման պատասխանատվությունը թողնելով քաղաքական մեծամասնության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկումն անցավ լարված մթնոլորտում։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտարարեցին, որ բոյկոտում են նախագծի քննարկումն ու ցուցադրաբար լքեցին հանձնաժողովի նիստը։

«Մենք արձանագրում ենք, որ ինչ էլ որոշվի, այդ որոշման պատասխանատվությունը լինելու է քաղաքական մեծամասնության` «Իմ քայլի» վրա։ Մենք չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ կորոշեք՝ մեզ համար ընդունելի կլինի այդ որոշումը»,- ասաց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։

«Մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը կրել»,– ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` միաժամանակ առաջարկելով նախագծի քննարկման համար աշխատանքային խումբ ձևավորել` ներգրավելով նաև գործադիր իշխանության ներկայացուցիչներին։

Պետք է փակել էժան ցեմենտի ներկրման միջանցքը. Հայրենական ապրանք արտադրողների միություն

Մելքումյանը, սակայն, հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմնակից է բովանդակային քննարկումներին, բայց դրանց չի մասնակցի։

«Բարգավաճ Հայաստանի» անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ շեշտեց, որ դահլիճը լքելու որոշումը վերաբերում է բացառապես այդ որոշմանը և ոչ մի առնչություն չունի հանձնաժողովի նիստի օրակարգային այլ հարցերի հետ։

Հիշեցնենք` վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 19-ի նիստում։ Կառավարությունն այս նախագծով փորձում է կարգավորել ցեմենտի արտադրության ոլորտը`ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 000 դրամ մաքսատուրք սահմանելով, բայց անփոփոխ թողնելով ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման մաքսատուրքը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ղեկավարությունը հայտարարում է, որ այդ պայմաններում տեղական հումքով ցեմենտի արտադրությունը ֆինանսապես շահավետ չէ, և որ իրենք այդ դեպքում ստիպված կլինեն փակել տրավերտինից կլինկերի ստացման արտադրամասը, որտեղ այսօր շուրջ 1500 մարդ է աշխատում։

Այս հայտարարությունից հետո գործարանի աշխատակիցները մի քանի օր բողոքի ակցիաներ էին իրականացնում գործարանի հարակից տարածքում` սպառնալով փակել ճանապարհը։