Ավելի քան 4000 ուսանող ուսման վարձի փոխհատուցում կստանան կառավարությունից

ՀՀ տնտեսությանն անհրաժեշտ մասնագետների ուսման վարձերն այս տարի կփոխանցի կառավարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի— Sputnik. 2019-20թթ. ուսումնական տարում Հայաստանի բուհերում ուսման վարձի մասնակի և լրիվ փոխհատուցմամբ սովորելու իրավունք կստանան այն մասնագիտություններն ընտրած ուսանողները, որոնց կարիքը ՀՀ տնտեսությունն այսօր ունի։

Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ այդ նպատակով հիմնականում ընտրություն է կատարվել առաջնային կարևորություն ներկայացնող ռազմավարական ոլորտներում` բարձր տեխնոլոգիական, մշակութային, գյուղատնտեսական և այլն։

«Նպատակն է աջակցել ՀՀ տնտեսության կարիքների համար անհրաժեշտ մասնագիտական կադրերի պատրաստման գործընթացին»,–ասաց նախարարը։

Հարությունյանը նաև նշեց, որ այս ուսումնական տարվա ընթացքում ուսման վարձի մասնակի և լրիվ փոխհատուցման իրավունքից կօգտվեն 2600 բակալավր, 1300 մագիստրոս և 140 ասպիրանտ։

Ուսանողների վրա դռներ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն. Փաշինյան

Պետության կողմից փոխհատուցվող տեղերը, նախարարի խոսքով, կազմում է բուհական համակարգի սովորողների ընդհանուր թվի շուրջ 15 տոկոսը։

Հարությունյանը նաև ցանկություն հայտնեց, որ հաջորդ տարիների համար գերատեսչություններն իրենք կառավարությանն առաջարկեն իրենց անհրաժեշտ մասնագետների հաշվարկներն ու դրան համապատասխան պետպատվեր տեղերի պատվերներ ներկայացնեն բուհերին։