Ռուսաստանի դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ ապրիլի 24–ը յուրահատուկ նշանակություն ունի։

«Այս վշտալի օրը մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին, հասկանում ենք նրա ցավը. դրա մարմնավորումը կդառնան բազմաթիվ միջոցառումները, որոնք տեղի կունենան այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում, որոնց կմասնակցեն ոչ միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչները, այլ նաև այլ ազգությունների տասնյակ հազարավոր մարդիկ», – ասաց դեսպանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Դեսպանն այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ։

Նա խոսեց հայ ժողովրդի հետ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հիշատակը պահպանելու անհրաժեշտության մասին` նշելով, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի նման ողբերգությունները երբեք չկրկնվեն։

Կոպիրկինի խոսքով` մենք պետք է լավատեսությամբ նայենք ապագային, հավատանք բարեկամության և բարիդրացիության իդեալներին, հարգենք միմյանց շահերը։