Պաշտոնական Անկարայից եկող ազդակներն արժանի են քննադատության.Մնացականյան

ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգում Հայաստանը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարությունը վերականգնելու, այլև ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված քայլ է։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում մեր հայրենակիցները հայ ժողովրդի բարեկամների հետ միասին մի շարք միջոցառումներ, հիշատակի արարողություններ են անցկացնում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է մեր արդարությունը վերականգնելու, այլև քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա պատգամ է ՝ անպատժելիությունը ընդունելի չի լինելու»,– ասաց Մնացականյանը:

Հայաստանի պատասխանը Թուրքիային պիտի լինի հզոր պետություն ունենալը. Թովմասյան

Նախարարը նշեց, որ ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Իսկ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգում մեր երկիրը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման խնդիրը:

«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 9-ին եղավ հերթական ցեղասպանությունների կանխարգելման 3-րդ գլոբալ ֆորումը: Դեկտեմբերի 9-ը Հայաստանի նախաձեռնությամբ հռչակվեց Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայաստանը մշտապես նորոգում է բանաձևերը, զարգացնում է իրավական հիմքերը՝ ուղղված միջազգային կանխարգելման գործընթացին: Այս գործընթացը երբևէ կանգ չի առնում: Մենք գիտենք ցեղասպանության գինը և մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար: Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով այդ հարցում Թուրքիայի իշխանությունների դիրքորոշմանը` ԱԳ նախարարը նշեց, որ պաշտոնական Անկարայից եկող ազդակները ոչ միայն հուսադրող չեն, այլև արժանի են քննադատության։

Հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի հետ հարաբերություններում նախապայման է, Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ նման բան երբեք չի ասվել: