Արմենուհի Մխոյան, Sputnik.
Անիին այսօր էլ հանգիստ չեն տալիս Մուշից գաղթած Մխո պապի մասին հիշողությունները, որոնք հորից է լսել:
Պապի հայրը գաղթել է Արևմտյան Հայաստանից. Մխո պապը Մշո Զեյթկանից էր: 1915-ի ջարդերի ժամանակ կորսվում է նրա ամբողջ գերդաստանը, բայց ինչ-որ մի հրաշքով նրան հաջողվում է երկու եղբայրների՝ Տիգրանի ու Մարգարի հետ փախչել ու հասնել Կարս: Այստեղ հանդիպում է Շուշանին՝ ապագա կնոջը, որ Կարսի Չիրղան գյուղից էր: Եղեռնի արնահոտ հևքը Շուշանի ընտանիքին էլ էր դիպել` կենդանի թողնելով միայն Շուշանին ու ավագ որդուն: Որոշ ժամանակ անց Մխոյի ու Շուշանի նորաստեղծ ընտանիքը Կարսից տեղափոխվում է Ալեքպոլ (Ալեքսանդրապոլ, այժմ՝ Գյումրի), սակայն հողագործությանն ու անասնապահությանը սովոր Մխոն կնոջ հետ որոշում է հաստատվել Ճզխլար գյուղում, որ ներկայիս Ցողամարգն է:
«Ցողամարգում նրանց չեն ընդունել: Պապը պատմում էր, որ «գաղթականներին» տեղացիները չեն սիրել, ուրիշ աչքով են նայել: Ու Մխոն Շուշանի հետ նորից Ալեքպոլ է մեկնել, ապա Ռուսաստան, հետո կրկին հետդարձի ճամփան է բռնել: Ճզխլարում մի կիրթ մարդ է եղել՝ Համբարենց Հակոբը, նա համոզել է համագյուղացիներին, որ ընդունեն Մխոյին, ասել է, որ լրացուցիչ մարդաքանակը գյուղին հավելյալ հող կբերի, բացի այդ, ասել է՝ Մխոն լավ հովիվ է»,- իրեն հասած պատմությունը վերապատմում է Անին:
Այդպես էլ Մխոն ու Շուշանը մնացել են գյուղում: Մնացել են, բայց «գաղթական» բառն էլ դաջվածքի պես սրտերում է մնացել: Եթե անգամ այդ մասին փորձել են մոռանալ, համագյուղացիները չեն թողել, միշտ երեսով են տվել՝ գաղթակա՛ն: Այդպես՝ մինչև կյանքի վերջն ասես եկվորի, գաղթականի կարգավիճակով են ապրել Ճզխլարում:
Մխոն ու Շուշանը երեք զավակ են լույս աշխարհ բերել՝ Իշխանին, Շմավոնին ու Էմմային: «Մխո պապի դուստրը՝ Էմմա տատը, ասում էր, որ ատում է «գաղթական» բառը, նրա հուշերում այդ դաժան բառն ուղեկցել իրեն մի ամբողջ կյանք։ Երբ Մխո պապի մասին հորս եմ հարցնում, նա ասում է, որ այդ բարի հսկան մի կսկիծ ուներ՝ կորցրած երկրի կարոտը: Մխո պապը մեկ էլ ժամերով նստում ու, անասելի թախիծն աչքերում, կարոտով նայում էր Հայաստանի ու Թուրքիայի սահմանաբաժան Եղնախաղ լեռնաշղթային ու երգում…»:
Բերրի ու ջրդի հողեր, այգիներ ու տարիների քրտինքով ստեղծած տունուտեղ, հայրենիք ու բնօրրան են թողել Եղնախաղի լեռներից այն կողմ` Զեյթկանում, Մուշում, այլուր…:
Էրգրից բերած միակ իրը եղել է սրինգը, որը Մխո պապից գողացել են: Հա, ու մեկ էլ Շուշան տատի շալը: Ասում են` տարիների ընթացքում շալը մաշվել ու պատառոտվել է, բայց տատը չի բաժանվել դրանից, այնքան թանկ ու հարազատ է եղել ծննդավայրից մնացած այդ բեկորը: Դա տեսնելով ու ընկալելով` թոռները փնտրել ու ճիշտ նույն ձևի մի նոր շալ են գնել, հետո թաքուն փոխարինել հինը նորով:
Մի անգամ Մխո պապն ասել է. «Եթե չհաջողվի հետ դառնալ իմ հողերին, ապա մահիցս հետո Մուշից մի բուռ հող կբերեք ու գերեզմանիս կլցնեք»:
Մխո պապի երազանքը դեռ անկատար է. նրա շիրիմը դեռ Մշո հողի կարոտն է քաշում: