Մեր ընտանիքից միայն մեծ հայրս էր ողջ մնացել. Արսեն Գրիգորյան

Նրա խոսքով` Ցեղասպանությունը նաև մշակութասպան երևույթ է և 1915–ին մենք մի շարք մշակույթի գործիչներ ու կոթողներ ենք կորցրել, որը ոչ միայն մեզ է վնաս հասցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) Ցեղասպանությունից փրկվածների հետնորդ է. նրա հորական կողմը Սասունից է, մորական կողմը՝ Մարաշից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Մանսուրյանի մայրը մանկատան սան է եղել. մաեստրոն հիշել է ցեղասպանությունից տուժած ծնողներին

«Ես մի ընտանիքի զավակ եմ, որ հայրենազրկում, Ցեղասպանություն է տեսել. մեր ընտանիքից միայն մեծ հայրս էր ողջ մնացել, բայց, փառք Աստծո, այսօր մեր թիվը 30–ի է հասնում։ Մենք Ցեղասպանության մասին լսել ենք դեռ մանկուց, մենք մեր ընտանիքի պատմությունն ենք լսել, ու հետո այդ պատմությունը մեր թոռներին փոխանցել»,–ասաց նա։

Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանն ու դրա համար անհրաժեշտ քայլերին` երգիչը նշեց, որ կարծում է` մշակույթի միջոցով կարելի է մի շարք խնդիրների լուծմանը հասնել։ Նրա խոսքով` Ցեղասպանությունը նաև մշակութասպան երևույթ է և 1915–ին մենք մի շարք մշակույթի գործիչներ ու կոթողներ ենք կորցրել։ Ըստ երգչի` եթե մշակութային ինչ–որ արժեք է ոչնչացվում, ապա այն ոչ միայն տվյալ ազգին, այլ նաև մարդկությանն է վնաս տալիս, քանի որ մշակույթը համամարդկային երևույթ է։

Այնպիսի տպավորություն է, որ հայրս ինձ հետ է. Նիկոլա Ազնավուրն այցելել է Ծիծեռնակաբերդ

«Մշակույթը հզոր միջոց է` ինչ–որ բանի մասին տեղեկացնելու, ճշմարտությունը երգի կամ արվեստի մեկ այլ ճյուղի միջոցով ասելու՝ ոչ միայն քո ազգին, այլ նաև միջազգային հանրությանը։ Ցեղասպանության ճանաչման, ճիշտ ինֆորմացիայի տարածման համար հենց մշակույթը կարող է «օգնության» հասնել»,–ասաց Գրիգորյանը։

Նա նշեց նաև, որ մեկ կարևոր հանգամանք կա` Ցեղասպանությունից փրկվածների ժառանգները հիմնականում այժմ Սփյուռքում են ապրում և այդ առումով շատ ավելի ազդեցիկ է լինում հենց նրանց ձայնը։

Այսինքն` Սփյուռքի մշակութային գործիչների դերակատարումը ևս շատ մեծ է Ցեղասպանության ճանաչման հարցում։

Գրիգորյանի հավաստմամբ` մշակույթի միջոցով շատ կարևոր ճանապարհ կարող ենք անցնել։