ՌԱԴԻՈ

Մանուկյան. «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցից հետո պետք էր դնել նոր նպատակ և հաջորդ քայլը անել»

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ներկա փուլն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։
Sputnik
Մանուկյան. «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցից հետո պետք էր դնել նոր նպատակ և հաջորդ քայլը անել»

Սուրեն Մանուկյանի կարծիքով, Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցից հետո պետք էր դնել նոր նպատակ և հաջորդ քայլը կատարել։ Մասնագետը հույս է հայտնում, որ նոր իշխանությունները կունենան քաղաքական կամք՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացում նոր քաղաքականություն ձևավորելու համար։

«Ստացվում է այնպես, որ մենք հիմա ընկել ենք մի տարօրինակ շրջափուլի մեջ, քանի որ կան երկրներ, որոնք երկրորդ անգամ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, խոսքը Նիդեռլանդների և Իտալիայի մասին է, որոնք տարիներ առաջ արդեն ճանաչել էին այն»,-փաստում է Մանուկյանը։

Վերապրողների ժառանգների պարտքն է համախմբվել և կերտել զարգացող Հայաստան.ՀՀ նախագահի ուղերձը

Նրա խոսքով, իր համար անհասկանալի է, ինչպես ենք այս տարի կրկին մեծ շուքով նշում, որ այդ երկրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, քանի որ վերահաստատումը արժեզրկում է երևույթը, որովհետև, եթե դու ճանաչում ես մի երևույթ, ապա պայքարել, որ դա կրկին վերահաստատվի, անընդունելի է։

«Կարծում եմ, որ նշված երկրներում մեր դեսպանատները պետք է աշխատեն այլ ուղղությամբ, այն է՝ դպրոցական դասագրքերում Ցեղասպանության թեման ամրագրելու, տեղի հանրությանն համար այդ թեմային ծանոթացնելու ուղղությամբ»-ասում է Սուրեն Մանուկյանը։

Պատմաբանի խոսքով, շատ ավելի հեշտ է զբաղվել լոբբինգով և խորհրդարաններում մի խումբ մարդկանց համոզել, որ բարձրացնեն Ցեղասպանության ճանաչման թեման ու քվեարկեն հայանպաստ օրինագծերի օգտին, քան ամենօրյա աշխատանքով այցելել դպրոցներ, կրթական օջախներ և այդ թեման դարձնել ուսումնական ծրագրի մաս։ Ըստ Սուրեն Մանուկյանի, այդ աշխատանքն ավելի հեռանկարային է։