Հայի սահմռկեցուցիչ սպանությունը Թբիլիսիում. դատավորը մեղավոր է ճանաչել հինգ մարդու

Գևորգ Սարգսյանի սպանության մեջ մեղադրվողները ազատազրկման դատապարտվեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգ մարդու մեղավոր է ճանաչել 22–ամյա Գևորգ Սարգսյանին դաժանաբար սպանելու համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի դատախազության մամուլի ծառայությունը։

Դուք գազան եք, նա ձեզ ի՞նչ է արել․ Թբիլիսիում երիտասարդ հայի սպանության դաժան մանրամասները

Դեպքը տեղի է ունեցել 2018թ–ի հուլիսին։ Մի խումբ անձինք դանակի 19 հարված են հասցրել 22–ամյա տղային և մահացող տղային քարերով հարվածել բազմաթիվ ականատեսների աչքի առաջ։ Սպանությունն արձանագրել են տեսախցիկները։ Վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, երիտասարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Շորենա Գունցաձեն դատավճիռ է կայացրել ապրիլի 23–ին։

«Դատախազության եզրակացությունները բավարար են մեղավոր ճանաչելու համար», – նշված է հաղորդագրությունում։

Այսպիսով, մեղադրյալ Էրիկ Մխիթարյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման ՔՕ 109 հոդվածի 2–րդ մասով (դիտավորյալ սպանություն ծանրացնող հանգամանքներում), նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Հրաչիկ Կարապետյանը և Ս. Մ.–ն մեղավոր են ճանաչվել նույն հոդվածով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

Ռ. Դ.–ն և Գ. Կ.–ն դատապարտվել են Վրաստանի ՔՕ 375 հոդվածով։ Նրանց դատապարտել են մեկ տարի ազատազրկման։