Հայաստանի պատասխանը Թուրքիային պիտի լինի հզոր պետություն ունենալը. Թովմասյան

ՍԴ նախագահը Ցեղասպանությունը վերապրածների հետնորդ է։ Ապրիլի 24-ը նրա համար ապրելու և արարելու խորհուրդ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանի պատասխանը Թուրքիային պետք է լինի հզոր, կայուն և ուժեղ պետության կառուցումը։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողներին ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Այնպիսի տպավորություն է, որ հայրս ինձ հետ է. Նիկոլա Ազնավուրն այցելել է Ծիծեռնակաբերդ

«Ինձ համար Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո ապրիլի 24-ի խորհուրդը փոխվել է: Եթե մինչ այդ այն ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ Ցեղասպանության բոլոր զոհերը սրբադասվեցին, այս օրը վերածվեց ապրելու, արարելու օրվա»,– ասաց Թովմասյանը` հավելելով, որ այդ խորհրդով պիտի առաջնորդվի յուրաքանչյուր հայ:

ՍԴ նախագահը նշեց, որ ինքն էլ ցեղասպանությունից փրկվածների հետնորդ է: Բայց հայ ժողովրդի ամենամեծ կորուստը համարում է այն, որ հզոր պետություն կառուցել չի հաջողվել։

«Այս տարածքում պետք է հզոր պետություն ունենայինք՝ աշխարհի հետ հավասարը հավասարին քայլող: Դա ամենամեծ կորուստն է, որն ամեն գնով պետք է վերականգնել»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2018թ–ի մարտի 21-ին։