Երբեք չենք մոռանա. ռուսաստանաբնակ հայերի հուզիչ գրառումները Հայոց ցեղասպանության մասին

Ռուսաստանում ճանաչում վայելող հայերն իրենց հանրային գրառումներում ընդգծել են, որ երբեք չեն մոռանա հայ ժողովրդի ողբերգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ռուսաստանում հայտնի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված հուզիչ գրառումներ են արել Instagram–ի իրենց էջերում։

Հայտնի ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որը հիմա Երևանում է, գրել է. «Ավելի քան 1.5 մլն հայ է դաժանաբար սպանվել Օսմանյան կայսրությունում ազգային պատկանելության պատճառով... Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է... Հիշում և ճանաչում ենք պահանջում»։

Մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանն էլ գրել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության մեջ հատուկ տեղ ունի։ Նա հպարտանում է, որ իմաստուն, հին և բազմաչարչար ժողովրդի մի մասնիկն է, ժողովուրդ, որը ցեղասպանություն, պատերազմներ և սարսափելի երկրաշարժ է տեսել։

«Մենք մշտական պայքար ենք մղել քրիստոնեական հավատի համար, գոյության, ազատության և անկախության համար, մեզ պղծել են, կոտորել, չարչարել, թալանել, բայց ոչ մի չարիք չի կարողացել բնաջնջել մեզ երկրի երեսից և կոտրել մեր ոգին։ Ամեն անգամ արժանի պատասխան տալով մեր թշնամիներին` մենք հաղթել ենք` հերթական անգամ ապացուցելով ամբողջ աշխարհին, որ բարին միշտ հաղթում է չարին», – գրել է նա։

Էլինան ընդգծել է, որ 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայ է ոչնչացվել։ Նրանք, ովքեր հրաշքով փրկվել են այդ կոտորածի ժամանակ, լքել են հարազատ հողերը։ Պետություններից շատերը տարբեր մակարդակներում ճանաչել են հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիան մինչ օրս հերքում է այդ փաստը։

«Միլիոնավոր անմեղ զոհերը չեն կարող մոռացության մատնվել։ 1915 թիվ... Մենք հիշում և պահանջում ենք։ Ես հավատում եմ բարուն և արդարությանը։ Թուրքիան էլ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Երազում եմ այդ պահի մասին», – գրել է Ջանիբեկյանը։

Ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, աղոթք է հղել առ Աստված։

«Փրկի՛ր բոլոր նրանց, ում սիրում եմ։ Բոլոր իմ հարազատներին, ընկերներին և նրանց, ովքեր հիմա կարդում են այս տողերը։ Դժվար ժամի նրանց Հրեշտակ ուղարկի՛ր։ Տուր նրանց երջանկություն, ուրախություն և հանգստություն։ Ների՛ր բոլոր մեղքերն ու խաղաղեցրու։ Սովորեցրո՛ւ չկորցնել սեփական անձը։ Սովորեցրո՛ւ սիրել և ներել։ Այնպես արա, որ նրանք, ովքեր ինձ հարազատ են, հնարավորին չափ երկար ապրեն այս Երկրի վրա։ Աստված, շատ բան չեմ պահանջում... Պահպանի՛ր ժողովրդիս, պատմական հայրենիքս, մեր ժառանգությունը։ Պահպանի՛ր հայրենիքս, որը ես տուն եմ անվանում։ Իսկ իմ կողմից ուզում եմ երախտագիտություն հայտնել։ Շնորհակալ եմ, որ տալիս ես ոչ այն, ինչ ուզում եմ, այլ այն, ինչ իրականում անհրաժեշտ է ինձ։ Ամեն», – գրել է Տաթևիկը։

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն էլ գրել է. «Հիշում ենք։ Չենք մոռանա երբեք...»։

Երգիծաբան և հումորիստ Միխայիլ Գալուստյանը նույնպես երկար գրառում չի արել և սահմանափակվել է անմոռուկի նկարով։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։

Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։