Ցեղասպանության զոհերի ժառանգներն իրավունք ունեն դիմել եվրոպական դատարան. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների դատարանի 2015թ.–ին կայացրած վճռով ամրագրվել է` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն ունեն իրենց իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու իրավունք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայոց Ցեղասպանության չդատապարտումն ու պատշաճ գնահատականի չարժանացնել էր, որ հետագայում հանգեցրեց այլ ցեղասպանությունների։ Այսօր Ցեղասպանության հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մարդու իրավունքների տեսանկյունից այս օրը մեծ նշանակություն ունի, որովհետև սպանվել են հարյուր հազարավոր մարդիկ, սեփականության իրավունքի բիրտ ոչնչացում է պարզապես տեղի ունեցել, բռնի տեղահանվել են։ Դրա դատապարտումը շատ կարևոր է հենց մարդու իրավունքների պաշտպանության ու հետագայում ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից»,– ասաց Թաթոյանը։

Դա հսկայական հարված էր ոչ միայն հայ ժողովրդին, այլև մարդկային քաղաքակրթությանը. Փաշինյան

Պաշտպանը նշեց, որ Հայաստանը միջազգային տարբեր ամբիոններում ու տարբեր մակարդակներով մասնակցում է ցեղասպանության զոհերի ու նրանց հետնորդների իրավունքների վերականգնմանն ուղղված միջոցառումներին։ Նման մի գործընթաց էր նաև Եվրոպական դատարանում 2015թ.–ին լսված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը, որին որպես երրորդ կողմ մասնակցող Թուրքիան, Թաթոյանի խոսքով, խնդիր էր դրել հասնել նրան, որ ՄԻԵԴ–ը հայտարարի, որ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել։

«Բայց այնտեղ կարևոր ամրագրում ստացավ մի դրույթ, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն ունեն իրենց սեփականության ու այլ իրավունքները, նաև արժանապատվությունը պաշտպանելու իրավունք»,– ասաց Թաթոյանը։

Եվրոպական դատարանի այս վճռի հիման վրա, պաշտպանի խոսքով, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն իրավունք ունեն դիմելու ՄԻԵԴ` իրենց իրավունքների վերականգնման հարցով։

Մինչդեռ ՀՀ կառավարությունը, նրա խոսքով, այս գործընթացին աջակցելու իրավունք չունի, քանի որ ՄԻԵԴ–ն այդ դեպքում կարող է անմիջապես մերժել ներկայացված գանգատը։