Ցեղասպանության ճանաչման ամենաճիշտ ու ամենակարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի կարծիքով`Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախորդ իշխանությունների նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությանը ի սկզբանե տապալման էր դատապարտված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլ — Sputnik. Ցեղասպանության ճանաչման ամենաճիշտ ուղին Հայաստանի հզորացումն է։ Այսօր, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դա ամենաճիշտ ու ամենակարճ ճանապարհն է։ Այն մարտավարությունը, որ մենք ունեցել ենք տարիներ շարունակ, գործում է, ու այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ ամեն տարի ավելանում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը»,– ասաց նա։

ՀՀ իշխանության ներկայացուցիչները միասին այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախորդ իշխանությունների նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությանը` Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համոզմամբ այդ փորձն ի սկզբանե տապալման էր դատապարտված։

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը վերահաստատեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանն այսօր էլ նախապայմաններով, այդ թվում` Ցեղասպանության ճանաչման նախապայմանով չի առաջնորդվում։

2008թ.–ի սեպտեմբերի 6-ին Հայաստանի ու Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն։ ՀՀ պատմության մեջ Առաջին անգամ Հայաստան ժամանեց Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով տեղի ունեցած այս այցով մեկնարկեց «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած գործընթացը, որով փորձ էր արվում կարգավորել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները: Իսկ ֆուտբոլային անունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանը նախագահ Գյուլին Երևան էր հրավիրել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղին ներկա գտնվելու ու այն միասին դիտելու համար։