Այնպիսի տպավորություն է, որ հայրս ինձ հետ է. Նիկոլա Ազնավուրն այցելել է Ծիծեռնակաբերդ

Նիկոլա Ազնավուրը խոստացել է շարունակել Ցեղասպանության ճանաչման հարցում հոր կիսատ թողած գործը։ Բայց և շեշտել է, որ Ազնավուրը միշտ երազում էր խաղաղ մարդկության ու ատելությունից զերծ աշխարհի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Այսօր դարձյալ զգացի այն, ինչ միշտ զգացել եմ հորս կողքին լինելով։ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը։

ՀՀ իշխանության ներկայացուցիչները միասին այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

«Այնպիսի տպավորություն է, որ հայրս ինձ հետ է, այնպես, ինչպես բոլոր այն մարդիկ, ում հիշատակն այսօր եկել ենք հարգելու»,– ասաց նա։

Նիկոլա Ազնավուրը նշեց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է իրենց ամբողջ ընտանիքի անունից, քանի որ այդպես կցանկանար հայրը։

«Ես, իհարկե, շարունակելու եմ բարձրաձայնել Ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես դա անում էր իմ հայրը։ Բայց ուզում եմ նշել, որ նա երբեք ատելություն չի ունեցել այլ ազգի նկատմամբ, նա միշտ երազում էր խաղաղ ու ատելությունից զերծ աշխարհում ապրող մարդկության մասին»,– ասաց Նիկոլա Ազնավուրը։

Հիշեցնենք` Նիկոլա Ազնավուրն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 2015թ.–ին Շառլ Ազնավուրի հետ` Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի առիթով։

Շառլ Ազնավուրի մահից հետո Նիկոլան ղեկավարում է «Ազնավուր հիմնադրամը», որի միջոցով բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։