ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետն էր, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվելիս սենսացիոն ցուցմունք է տվել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տրամադրության տակ հայտնված ցուցմունքների սղագրությունից պարզ է դառնում, որ 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի և Արցախի սահմաններին Ադրբեջանն ակտիվացել է: «Մենք գիտենք, որ այդ ժամանակ ինչ-որ ակտիվացումներ են եղել սահմաններում»,- ասել է Գասպարյանը:
Քննիչի հարցին, թե կոնկրետ կարող է նշել՝ ՀՀ որ սահմաններում ինչ ակտիվացումներ են գրանցվել, ՀՀ նախկին ոստիկանապետը պատասխանել է. «Տավուշի, Արցախի սահմաններով ակտիվացումներ են եղել: Ընդհանուր բնույթի պրիամբուլայի նման, թե այս վիճակն է, այն վիճակն է, նման հայտարարություններ են եղել: Որպես կանոն, ներքաղաքական անցուդարձներն իրենց ազդեցությունն են թողնում սահմանային իրավիճակների վրա»:
Հարցին, թե այդ դեպքում ինչու էր ՀՀ ՊՆ Զինված ուժերը կենտրոնացվում Երևան քաղաքում, այլ ոչ թե սահմանային այն գոտիներում, որտեղ նկատվել են նման ակտիվացումներ, Գասպարյանը այսպես է պատասխանել. «Հարցը պետք է ուղղել ՀՀ ՊՆ-ին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Երևի սահմաններում ուժերը բավարարել են, ինչից ելնելով էլ` ուժերի մի մասը բերվել է Երևան»: