Շրի Լանկայի դեպքերը կարող են վտանգավոր գործընթացներ հրահրել աշխարհում. Պետրոսյան

Խոսելով Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններից` արևելագետ Արմեն Պետրոսյանը նշեց աշխարհում ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը համախմբելու անհրաժեշտության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքը դարձել է վերջին տարիներին աշխարհում միջկրոնական թշնամանքի և ծայրահեղականության գագաթնակետը։ Եվ եթե միջազգային հանրությունը չցանկանա համախմբվել ընդհանուր սպառնալիքի դեմ, ապա այդ շղթաները կարող են շարունակվել։ Այսօր կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է ապրիլի 22-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։ Շրի Լանկայում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 310–ի, տուժածների թիվը 480–ն է։

Տեսախցիկները նկարել են Շրի Լանկայում ահաբեկչություն իրականացրած կասկածյալներից մեկին

Հարձակումների առյուծի բաժինը կատարվել է եկեղեցիների վրա, ինչն ընդգծում է հանցագործության կրոնական գործոնը։ Հետաքրքիր է, որ ընդամենը մեկ ամիս առաջ նույնանման ահաբեկչություն էր տեղի ունեցել Նոր Զելանդիայի մզկիթներից մեկում։

«Միջկրոնական դիմակայությունը վտանգավոր մասշտաբների է հասնում։ Թվում է`պատմությունը կրկնվում է։ Եթե գործուն միջոցներ չձեռնարկվեն, ապա աշխարհը կպատվի բռնության և մարդկության դեմ հանքագործությունների նոր ալիքով», – ասաց Պետրոսյանը։

Նա ուշադրություն սևեռեց այն բանին, որ Մերձավոր Արևելքում` գրեթե Հայաստանի «քթի տակ», տիրող իրավիճակը նախկինի նման անկայուն է։ Չնայած որ հայտարարվում է ԻՊ–ի դեմ տարած հաղթանակի մասին, գրոհայինները կրկին ակտիվացել են Իրաքում, Սիրիայում և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում։

Պետրոսյանի կարծիքով` Հայաստանում ահաբեկչության անմիջական վտանգ չկա։ Սակայն միգրացիոն հոսքերը տեսականորեն կարող են վտանգ ներկայացնել։ Խոսքը Հայաստանի սահմանին պարբերաբար ձերբակալվող մարդկանց մասին է, որոնք գալիս են Հարավային Ասիայի երկրներից։

Պետրոսյանը չբացառեց, որ Հայաստանի որոշ հարևաններ` նույն Թուրքիան, որը տարբեր ավազակախմբերի հետ «համագործակցության» հարուստ փորձ ունի, կցանկանա օգտագործել այդ խմբավորումները Հայաստանի դեմ։

Փորձագետը հույս հայտնեց, որ հայկական հատուկ ծառայությունները հանգամանորեն վերահսկում են միգրացիոն հոսքերը և տեղյակ են տեղի ունեցող գործընթացներից։