Ռուսաստանում դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը

Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը դատախազությունը ներկայացրել էր Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր՝ ապրիլի 23-ին, ՌԴ դատարանի կողմից բավարարվել է 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը զբաղվում է ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու հարցերով։

Որտե՞ղ են հայտնաբերել ու ձերբակալել հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին. տեսանյութ

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: