ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա վերջին կայցելի Հայաստան։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին հայտնեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կանցկացնեն մայիսի 29–ին Ղազախստանի մայրաքաղաքում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում։ Առաջնորդների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում անցած տարվա դեկտեմբերին։
Ալեն Սիմոնյանը նաև մեկնաբանեց լրագրողների դիտարկումներն այն մասին, որ «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի է անցել, բայց ՌԴ նախագահը դեռ չի այցելել Հայաստան։ Սիմոնյանի խոսքով` Պուտինի այցը ծրագրելու համար շատ ժամանակ է պետք, և, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, արտահերթ ընտրությունները, այդ հարցը տեխնիկական բնույթ է ունեցել։
«Երկու երկրների առաջնորդների միջև ստեղծվել են ջերմ հարաբերություններ, մասնավոր շփում, և այս տարի սպասվում է ոչ միայն Ռուսաստանի առաջնորդի, այլ նաև ուրիշ երկրների ներկայացուցիչների այցը», – ասել է նա։
Նա հաստատեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայ–ռուսական հարաբերությունները նոր մակարդակի են հասել։ Սիմոնյանի կարծիքով` կողմերի միջև ստեղծվել է փոխհարաբերությունների նոր տրամաբանություն, որում ակնհայտ է լիակատար փոխըմբռնումը և առկա խնդիրները բարձրաձայնելը։ Սիմոնյանի խոսքով` ռուս գործընկերները դրական են գնահատել նման աշխատաոճը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան է այցելել 2016թ–ին ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։