ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը զբաղվում է ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու հարցերով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը դատախազությունն արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել»,–ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Ըստ քրեական գործի՝ սա առաջացրել է ծանր հետևանքներ:
Դատարանը ապրիլի 15-ին որոշում էր կայացրել երկու ամսով կալանավորել Միհրան Պողոսյանին: Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական և միջպետական հետախուզում:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ: Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: