ՀՀ–ՌԴ ռազմական համագործակցության զարգացումը. քիչ խոսք, շատ զորավարժություն և Սու-30ՍՄ

Հայաստանն ու Ռուսաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը` ամրապնդելով ՀԱՊԿ–ի կովկասյան հատվածի պաշտպանությունն ու անվտանգությունը։ Երևանի ու Մոսկվայի ակտիվությունը համապատասխանում է Հարավային Կովկասի ռազմաքաղաքական անկայուն վիճակին։
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանի ԶՈւ–ի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարության (ՀՌՕ), ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ու ՀՀ ԶՈւ ու ՌԴ ԶՈւ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի գործնական հանդիպումը կայացավ անցած շաբաթ Դոնի Ռոստովում։ Կողմերը քննարկեցին 2019-2020 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրը և պատրաստակամություն հայտնեցին ավելացնել զորավարժությունների քանակը։

ՀՀ ԶՈւ համալրման հայ–ռուսական նոր գործարք. զենքի մասին չեն խոսելու, այն կցուցադրեն

Հանդիպումը հետաքրքիր էր նախևառաջ զորքերի համատեղ մարտական պատրաստվածությանը միտված լինելու հանգամանքով։ Միայն 2020 թվականին ՀՌՕ զորամասերը կմասնակցեն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» համատեղ զորավարժություններին, «Որոնում» հատուկ զորավարժությանը, «Էշելոն» նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների հատուկ մարտավարական զորավարժությանը, տեղում տարբեր հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Սա լայն դաշտ է հայ գործընկերների հետ գործակցելու համար։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշել է երկու պետությունների միացյալ զորքերի խմբավորման փոխգործակցության նշանակալի հնարավորությունները հանրապետության տարածքում գործող ռուսական ռազմակայանի հետ։

Հաշվի առնելով ոչ բարիդրացիական հարևանությունը` նման միջոցառումների անցկացումը կենսական անհրաժեշտություն ունի. տարածաշրջանում մայիսի 1-3-ը ադրբեջանա–թուրքական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններ կանցկացվեն:

Զորավարժարանային ստուգատես

Դոնի Ռոստովում ՀՌՕ զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել միացյալ զորախմբի մարտական գործողություններ վարելու ժամանակակից մեթոդների մշակումը Ալագյազ, Բաղրամյան և Կամխուդ զորավարժարաններում։

Հայաստանը կարտադրի ոչ թե տանկեր, այլ ինֆորմացիոն զենքեր. նախարար

Ապրիլի սկզբին 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներում տագնապ էր հայտարարվել, նրանք 100-կիլոմետրանոց ռազմերթ իրականացրին դեպի Բաղրամյան զորավարժարան` ՀՀ ՊՆ զորամասերի հետ զորավարժությունների անցկացման շրջան։ Մանևրումներին մասնակցեցին մոտ 2 հազար հայ և ռուս զինծառայող, մարտական տեխնիկայի 300 միավոր, այդ թվում` հրետանի, կործանիչ և գրոհիչ ավիացիա, հարվածային ուղղաթիռներ։ Նման միջոցառումներն անցկացվում են կանոնավոր սկզբունքով։ Նույն զորավարժարանում հայ–ռուսական միացյալ զորախումբը մարտական առաջադրանքներ էր մշակում 2018 թվականի հոկտեմբերին։

Զորավարժությունների սցենարները աշխարհաքաղաքականությունն է գրում։ Օրինակ` վերոնշյալ ադրբեջանա–թուրքական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» զորավարժությունների հիմնական նպատակը շտաբային պլանավորման համատեղելիությունն է և Ադրբեջանի ու Թուրքիայի ստորաբաժանումների գործողությունների համակարգումը` երկու երկրի զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռների, ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ։ Փոխգործակցությունը վառ արտահայտված հակահայկական ուղղվածություն ունի։

Համակարգային դիմակայություն

Հայաստանի ռազմական ծախսերն անցած տարի աճել են 17,6%–ով` կազմելով 518 մլն դոլար, 2020 թվականին կհասնեն 600 մլն դոլարի։ ՀՀ ԶՈւ–ն վերջին տարիներին ստացել է ռուսական արտադրության ամենաժամանակակից սպառազինությունը (ներռուսական գներով)։ Այսօր Երևանն ունի աշխարհում նմանը չունեցող «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրներ, ՏՕՍ-1Ա «Սոնցեպյոկ» ծանր հրանետային համակարգեր, համազարկային կրակի համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ։

Պարտավորությունները կատարվում են. Ռուսաստանի դեսպանը` Հայաստանին զենք մատակարարելու մասին

Շուտով Հայաստանը Սու–30ՍՄ կործանիչներ կստանա, որոնք թույլ կտան գերիշխող դիրք ունենալ երկնքում և կայունություն ապահովել Հարավային Կովկասում։ Չնայած Երևանի արտաքին քաղաքականության բազմավեկտոր ուղղվածությանը, ԱՄՆ–ի և Չինաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանը, միևնույն է` Հայաստանի համար սպառազինության և անվտանգության հիմնական մատակարարը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Նշենք, որ միացյալ զորախմբի հիմնական նպատակը ոչ թե «ուժի պրոեկցիան է», այլ զուտ Ռուսաստանի կամ Հայաստանի վրա ռազմական հարձակման կանխումը, սահմանների ռազմական պաշտպանությունը։ ՀԱՊԿ–ի բաց ճարտարապետությունն ընդլայնման չի ձգտում, ինչպես ՆԱՏՕ–ն։ Երևի սա է հավաքական Արևելքի ու հավաքական Արևմուտքի ազգային անվտանգության համակարգի սկզբունքային տարբերությունը։ Բնականաբար, այս դեպքում աշխարհագրական բաժանումը պայմանական է։