Հայաստանի ԱԳՆ խոսնակը հակադարձել է Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարությանը

Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի Ադրբեջանի ԱԺ խոսնակի այն հայտարարությունը, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Թուրքիայի ժխտողական մտքի վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ անզորության մասին

Նաղդալյանը նախ նշել է, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին:

Նա հավելել է, որ ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը»,-եզրափակել է ԱԳՆ խոսնակը: