ԱԺ–ում հայ–ռուսական բարեկամության ծառուղի բացվեց. դեսպանն ու խոսնակը կեչիներ տնկեցին

Ազգային ժողովի բակում 32 կեչի տնկեցին, որոնք բերվել էին Ֆիոլետովո գյուղից։ Բարեկամության ծառուղի հիմնելու նախաձեռնության հեղինակը ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ուղեկցությամբ հայ–ռուսական բարեկամության ծառուղու առաջին կեչին տնկեցին ԱԺ–ի բակում։

ԱԺ–ում հայ–ռուսական բարեկամության ծառուղի բացվեց. դեսպանն ու խոսնակը կեչիներ տնկեցին

Դեսպանը նշեց, որ ծառը տնկելիս երազանք պահեց` երջանկություն և բարգավաճում երկու ժողովուրդներին։

«Այսօրվա արևոտ եղանակը լավ նշան է։ Վկայում է, որ հայ–ռուսական կապերը, անկասկած, լուսավոր, վառ և բարենպաստ ապագա ունեն, ինչն ամրապնդված է եղբայրական սերտ հարաբերությունների երկար տարիների պատմությամբ», – ասաց Կոպիրկինը։

Նա նշեց, որ տնկած կեչիները հերթական հաճելի, օգտակար հիշատակումը կլինեն այն կապերի, որոնք միավորում են մեր երկրներին ու ժողովուրդներին։

«Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու եղբայրությունը բազմադարյա պատմություն ունի և խարսխված է փոխադարձ համակրանքի, հարգանքի վրա», – նշեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը` նշելով, որ ծառուղու հիմնումը շատ խորհրդանշական բնույթ է կրում՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ներկայացնելով որպես արմատից դեպի ծլարձակված ճյուղեր ձգվող ամբողջականություն։։

Նման ծառուղի ստեղծելու գաղափարի հեղինակը Ազգային ժողովի միակ ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է, որն առաջին մոլոկան պատգամավորն է Հայաստանում։ Նրա խոսքով` ծառուղում 32 տնկի կտնկվի, որոնք բերվել են Ֆիոլետովո գյուղից (մոլոկանները Ֆիոլետովոյում են հաստատվել ХIХ դարի կեսերից։ Ժամանակին միայն հենց այս գյուղում են կեչիներ աճել)։

ԱԺ–ում հայ–ռուսական բարեկամության ծառուղի բացվեց. դեսպանն ու խոսնակը կեչիներ տնկեցին

Միջոցառման հատուկ հյուրը ՀՀ ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու եղբայրն էր` Ալեքսանդրը, որին հրավիրելու գաղափարը, ի դեպ, տվել էր Sputnik Արմենիան։

«Հաճելի է մասնակցել այս միջոցառմանը, որովհետև մեր ընտանիքն էլ է խորհրդանշում հայ–ռուսական բարեկամությունը։ Շատ հետաքրքիր և խորհրդանշական է, որ հենց Բերեզովսկիներն են հրավիրված ԱԺ բակում կեչիների (ռուսերեն - береза) տնկման արարողությանը», – նշեց Ալեքսանդրը։

Եվս մի քանի տասնյակ կեչիներ էլ կտնկվեն Երևանի տարբեր հատվածներում, ինչպես նաև Էջմիածնում։