Գիտեի` Մարտիրոսյանի հետ եմ ապրում, պարզվեց` Նոստրադամուսն է. Գարիկի ու կնոջ գրառումները

Հումորիստ, ՈՒՀԱ–ի «Նոր հայեր» թիմի նախկին ավագ Գարիկ Մարտիրոսյանը հրապարակել է ՈՒՀԱ–ի 22–ամյա վաղեմության մի տեսագրություն, որում նա կանխատեսել է դերասանի հաղթանակը Ուկրաինայի նախագահական ընտրությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Երգիծաբան ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հրապարակել է 1997թ–ին ՈՒՀԱ–ի եզրափակիչ փուլում կապիտանների մրցույթի ձայնագրությունից մի հատված, որը մարգարեական է եղել։

«1997թ–ի ՈՒՀԱ եզրափակիչ։ «Զապորոժիե–Կրիվոյ Ռոգ–Տրանզիտ» ուկրաինական թիմի փայլուն կապիտան Միշա Գուլիկովը պատասխանում է իմ «խառնակիչ» հարցերին։ Հիմա հասկանալի՞ է, թե ես որքան լավ գուշակ եմ։#зеленский @zelenskiy_official. #новыеармяне Հ.Գ. Կռահելով գլխավոր հարցը` միանգամից բոլորին պատասխանեմ. «Ոչ, անձամբ ես չեմ պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում։ ԵՐԲԵՔ։ Ոչ մի երկրում», – գրել է Գարիկը։

Ի դեպ, տեսահոլովակում Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուկրաինացուն երբեք չկատակել նախագահի մասին, քանի որ վաղը իրենցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել նրա տեղում։

Գարիկ Մարտիրոսյանի կինը համաձայն է դառնալ «Հայաստանի առաջին տիկինը»

Մարտիրոսյանը կինը նույնպես տարածել է Գարիկի գրառումը։

«Կարծում էի, որ Մարտիրոսյանի հետ եմ ապրում, պարզվեց` Նոստրադամուսն է։ Վերջին իրադարձությունների հետ կապված` Գարիկին բոլորը հարցնում են, թե չի ուզո՞ւմ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Նա միշտ բացասական պատասխան է տալիս։ Ինչ վերաբերում է ինձ, կարող եմ ասել, որ անձամբ ես առաջադրվելու եմ առաջին տիկնոջ պաշտոնում։ Իսկ Գարիկը հետո ուզած–չուզած մեխանիկորեն կդառնա նախագահ», – նշել է Ժաննան։

Նշենք, որ Մարտիրոսյանն անցած շաբաթ Երևանում էր, սակայն գաղտնի էր պահում իր այցը։ Նա հանդիպել է նախկին թիմակիցների և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Նրան պարբերաբար տեսնում էին Երևանի տարբեր փողոցում ու հաստատություններում։