ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. 95 կողմ և 26 դեմ ձայներով Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում ընտրեց Գեղամ Գևորգյանին։
Այս մասին ԱԺ–ում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Գեղամ Գևորգյանը մինչ այժմ կատարում էր գյուղատնտեսության նախարարի պարտականությունները։ Նա 2019 թ.-ի հունվարի 22-ին նշանակվել էր գյուղնախարարի առաջին տեղակալ ու նախարարի պաշտոնակատար:
Նրա թեկնածությունը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք` ապրիլի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը։
ՏՄՊՊՀ–ը 2010թ.–ից ղեկավարում էր Արտակ Շաբոյանը։
Հիշեցնենք` ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահներին առաջարկում է վարչապետը, ընտրում` խորհրդարանը։