Քոչարյանի փաստաբանները նրա կալանքը պատիժ են համարում

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որտեղ իրենց գնահատականն են ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ ՀՔԾ դիրքորոշման վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդություններում որպես հիմնավորում նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի գործի քննությանը: Հիշեցնում են Քոչարյանի փաստաբաններն ու հավելում, որ արդեն 9 ամիս ՀՔԾ քննիչը միջնորդության մեջ անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, նրա ազդեցիկ կապերին:

Մասնավորապես նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 1994թ․ ընտրվել է ԼՂՀ նախագահ, 1997 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահ, ինչն էլ վկայում է Հայաստանում նրա ունեցած ազդեցության և կապերի մասին:

Կգա ժամանակը, կներկայացնենք, թե Քոչարյանի գործով ով ինչ պատվեր է տալիս. պաշտպան

«Ստացվում, որ վերջին շրջանում աղմկահարույց տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող պաշտոնյաների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումը գործի քննության համար խոչընդոտ չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում՝ խոչընդոտ է»,– ասված է Քոչարյանի փաստաբանների հայտարարության մեջ։

Փաստաբանների համոզմամբ, սա հաստատում է իրենց այն տեսակետը, թե «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ»:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում էր կայացրել։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվել էր։