Փաշինյանի աչքից հեռու. Երևանում «սխալ» դրոշների պակաս չկա. ո՞ւմ են ազատելու աշխատանքից

Նիկոլ Փաշինյանի և դրոշի հայտնի պատմությունը ստիպեց ավելի ուշադիր լինել Երևանի փողոցում բարձրացված ՀՀ դրոշներին։ Թվում է, թե ոչ մի խնդիր չկա, որը կարող է նյարդայնացնել վարչապետին, որովհետև մեծ մասը ո՛չ փոշոտ են, ո՛չ էլ անկյունում խցկած։ Բայց կա մի մե՜ծ «բայց»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik, Գոռ Մարգարյան. Արարատյան մաքսատանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրած դրոշի պատմությունից գրեթե 2 շաբաթ է անցել, բայց թեման դեռ քննարկվում է ու մարդկանց հանգիստ չի տալիս։ Այնքան հանգիստ չի տալիս, որ վարչապետը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կրկին անդրադարձավ այդ թեմային ու վստահեցրեց, որ իր այդ օրվա ռեակցիան ճիշտ է համարում։

Նիկոլ Փաշինյանը կարգադրեց բոլորին ազատել աշխատանքից

«Նա, ով անարգում է քաղաքացուն, անարգում է նաև դրոշը, նա, ով անարգում է դրոշը, անարգում է նաև քաղաքացուն, որովհետև առանց քաղաքացի դրոշ չկա և առանց դրոշ քաղաքացի չկա», - ասաց Փաշինյանը։ Ու մի կարևոր բան էլ` վարչապետը նշեց, որ մեր երկրում պետական սիմվոլները կայացած չեն։ Փաշինյանն ասաց, ինքը միայն մի մարդու չի ազատել աշխատանքից, այլ ազատել է նաև պետական պաշտոնյաների, ովքեր անարգել են դրոշը։

Որոշեցինք փոքրիկ հետազոտություն անցկացնել ու պարզել, թե որտեղ, ովքեր ու ինչ ձևով են անարգում ՀՀ դրոշը Երևանում։

Նախ նշենք, որ ՀՀ դրոշի մասին օրենքը հստակ կանոններ է սահմանում պետական այս խորհրդանիշի համար, թե որտեղ կարող է այն գործածվել, ու եթե գործածվում է այլ դրոշների հետ, ապա ինչ դիրք պիտի ունենա։

Հենց սկզբից ասենք, որ Երևանում դժվար է հանդիպել այնպիսի կառույցի, որի դիմաց ՀՀ դրոշը այլ դրոշի հետ ճիշտ է գործածված, հատկապես` հյուրանոցների դիմաց։

Փաշինյանի աչքից հեռու. Երևանում «սխալ» դրոշների պակաս չկա. ո՞ւմ են ազատելու աշխատանքից

Ըստ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2–ին կայացրած որոշման` հստակ սահմանված է, թե ինչ պահանջների պետք է համապատասխանեն դրոշի թելերը, ինչ խտության պետք է լինի գործվածքը, և հստակ գրված է, թե դրոշի գույները որ գունային մոդելների արժեքներին պետք է համապատասխանեն։ Քանի որ դրանք անզեն աչքով հնարավոր է տեսնել միայն ակնհայտ խախտման դեպքում (օրինակ` նարնջագույնի փոխարեն դեղին լինի), մենք որոշեցինք առանձնացնել այն խախտումները, որտեղ սխալ է ՀՀ դրոշի դիրքը այլ դրոշի հետ գործածելիս։

Փաշինյանի աչքից հեռու. Երևանում «սխալ» դրոշների պակաս չկա. ո՞ւմ են ազատելու աշխատանքից

Դրանցից մեկը նույնիսկ պատռված էր։

Փաշինյանի աչքից հեռու. Երևանում «սխալ» դրոշների պակաս չկա. ո՞ւմ են ազատելու աշխատանքից

Դրոշի մասին օրենքն ասում է, որ մեր երկրի տարածքում այլ դրոշի հետ բարձրացվելու դեպքում ՀՀ դրոշը պետք է լինի շենքի ձախ կողմում (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ բարձրացվում են կենտ թվով մի քանի դրոշներ, ապա ՀՀ դրոշը պետք է բարձրացվի մեջտեղում: Եթե բարձրացվում են զույգ թվով դրոշներ, ՀՀ դրոշը պետք է բարձրացվի կենտրոնից ձախ (օրինակ` 6 դրոշի դեպքում ՀՀ դրոշը պետք է լինի ձախից երրորդը):

Փաշինյանի աչքից հեռու. Երևանում «սխալ» դրոշների պակաս չկա. ո՞ւմ են ազատելու աշխատանքից

Մեզ մնում է հիշեցնել, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում դրոշն անարգելու համար։ 331-րդ հոդվածը հստակ սահմանում է` Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Փաշինյանի աչքից հեռու. Երևանում «սխալ» դրոշների պակաս չկա. ո՞ւմ են ազատելու աշխատանքից