ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնող Վլադիմիր Զելենսկին հայտնի երգիծաբան է, որը հետխորհրդային երկրների բնակիչներին հայտնի է որպես ՈւՀԱ–ի թիմերից մեկի մասնակից։ Բայց նրա կնոջ` Ելենայի մասին, որը շուտով առաջին տիկին կդառնա, շատերը ոչինչ չգիտեն։ ICTV հեռուստաալիքը հրապարակել է Ելենա Զելենսկայայի կենսագրությունը։
Ելենան ծնվել է 1978 թվականի փետրվարին Կրիվոյ Ռոգում։ Նա և Վլադիմիր Զելենսկին սովորել են նույն դպրոցում, զուգահեռ դասարաններում։ Սակայն սկսել են շփվել միայն այն ժամանակ, երբ արդեն տարբեր բուհերի ուսանողներ էին։ Զելենսկայան գերազանցությամբ ավարտել է Կրիվոյ Ռոգի տեխնիկական համալսարանի շինարարության ֆակուլտետը, բայց երբեք մասնագիտությամբ չի աշխատել։
Նրանք ամուսնացել են 2003 թվականին։ Ներկայումս Ելենան իր ամուսնու սեփականությունը հանդիսացող «Квартал-95» հումորային ստուդիայի ղեկավարն է։ Ամուսնու հարկային հայտարարագրի համաձայն` Ելենային է պատկանում ընկերության 0,01%–ը։ Այդ նույն հայտարարագրի տվյալների համաձայն` Զելենսակային է պատկանում նաև ձկնամթերքի մշակման և պահածոյացման ընկերության 25%–ը։
Քաղաքականության մեջ նորեկ Զելենսկու կինը ստանձնելու է պետության առաջին տիկնոջ պատասխանատու դերը, որին նա, իր իսկ խոստովանությամբ, դեռ պատրաստ չէ։
Երկու երեխաների (14-ամյա Ալեքսանդրայի և 5 տարեկան Կիրիլի) մայրը սկզբում «խիստ դեմ» էր, որ իր ամուսինը թեկնածությունը դնի Ուկրաինայի նախագահի պաշտոնին, սակայն, գիտակցելով, որ վերջինս հստակ որոշել է անելիքը, չի առարկել։ Զելենսկայան հույս ունի, որ Վլադիմիրը Ուկրաինայի նախագահի պաշտոնին կկարողանա իրականացնել այն, ինչը խոստացել է նախընտրական արշավի ժամանակ։
Նոր առաջին տիկինն ասել է, որ երբեք կուռքեր չի ունեցել։ Սակայն 60 տարեկանում կցանկանար այնպիսի տեսք ունենար, ինչպեսին ունի Մերիլ Սթրիփը։
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է երեկ` ապրիլի 21–ին։ Քաղաքացիներն ընտրության 2 հնարավորություն են ունեցել` ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն ու առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին։ ԿԸՀ–ի տվյալով` Զելենսկին հաղթել է նաև երկրորդ փուլում` ստանալով ընտրողների քվեների ավելի քան 73%–ը։