ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Օտարերկրյա ալիքների հեռարձակումը պետք է դուրս գա պետական թվային մուլտիպլեքսից (հեռուստածրագրերի մի ամբողջ փաթեթ), ԱԺ–ում այսօր ելույթ ունենալիս ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա խոսքով` Հայաստանում մասնավոր թվային մուլտիպլեքս չկա, քանի որ պոտենցիալ ներդրողին ներկայացվող պայմանները ապրիորի շահավետ չեն։ Ժամանակին դա արվում էր վերահսկման հնարավորությամբ պետական մուլտիպլեքսի մենաշնորհը պահպանելու համար։
«Այդ սխալը հնարավորինս արագ պետք է վերացվի։ Առաջին պատճառը` պետական մուլտիպլեքսի շրջանակում հեռարձակման համար ալիքների սահմանափակ քանակն է։ Երկրորդը` միջազգային նորմերի խախտումն է, երբ պետական մուլտիպլեքսի շրջանակում անհրաժեշտ է ապահովել օտարերկրյա ալիքների հեռարձակումը», – ասաց Հակոբյանը։
Հայաստանը, նրա խոսքով, գրեթե միակ երկիրն է, որը թույլ է տվել օտարերկրյա հեռարձակողներին մտնել պետական մուլտիպլեքս։ Պատճառները տարբեր են` քաղաքական, տեխնիկական, գաղափարական և լեզվային։
Պետական մուլտիպլեքսի բոլոր օտարերկրյա հեռուստաալիքների` CNN–ի, РТР–ի, Ռուսական առաջին ալիքի և «Культура»–յի հեռարձակումը հայերեն չէ։
Բացի այդ, նրա խոսքով, խնդիրներ են առաջանում նաև իրավաբանական հարթությունում` օրենսդրական խախտումների հայտնաբերման դեպքում։
«Դժվար է պատկերացնել` ինչպես մենք կարող ենք ստիպել РТР–ին պահպանել ՀՀ օրենքներն ու պատժել խախտումների դեպքում։ Գաղտնիք չէ, որ հաճախ թոք–շոուների ընթացքում «hate speech»–եր (ատելության խոսքեր) են հնչում և այլն», – ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ մասնավոր մուլտիպլեքս է անհրաժեշտ, իսկ դրա համար պետք է պարզեցնել դրա ստեղծման մեխանիմզը։ Հնարավոր զիջումների թվում կարող է լինել պետական տուրքի իջեցումը, ամբողջ Հայաստանով հեռարձակումն ապահովելու պահանջի չեղարկումը։
Նա հույս ունի, որ այդ հարցերը կլուծվեն մինչև հաճախականությունների մրցույթի հայտարարումը` 2021 թվականի հունվարը։
Մուլտիպլեքսը հեռուստատեսային և ռադիոալիքների ամբողջական փաթեթ է, որը հեռարձակվում է մեկ թվային ալիքով։