ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Նոր պայթյուն է որոտացել Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում` Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։ Այս մասին հայտնում է Ռեյթեր գործակալությունը։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ռումբերը վնասազերծելու աշխատանքների ժամանակ։ Որոշ տեղեկությունների համաձայն` ականազերծման ժամանակ աշխատել է պայթուցիկով լցված ֆուրգոնը։ Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։
Ինչպես հայտնում է News18 գործակալությունը, Շրի Լանկայի ոստիկանությունը ավտոբուսի կանգառում 87 պայթուցիկ է հայտնաբերել։
Կառավարությունը կեսգիշերից արտակարգ դրություն է մտցրել երկրում։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատիկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը տեղի ունեցածի համար պատասխանատվություն դեռ չի ստանձնել, սակայն արդեն հայտնի է, որ դա ծրագրված ահաբեկչություն էր։
Պայթյունների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։ Եվս 500 մարդ տուժել է։ Միջադեպի հետ կապված 24 անձ է կալանավորվել։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային: Ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳՆ–ն։