Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնյաներին վերաբերող հատվածի նախաքննությունն ավարտվել է

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին` դատարան ուղարկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. 2008 թվականի մարտի 1-2–ի իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում է գործի նախաքննությունն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը` ներկայացնելով, թե գործի մաս կազմող քրեական գործերից յուրաքանչյուրն այժմ քննության ինչ փուլում է գտնվում։

«ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,– նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ։

Քննչական մարմինը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը` 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: