Ի՞նչ չգիտենք նրա մասին. Վլադիմիր Զելենսկու կյանքի ոչ հայտնի դրվագները

Շատերին թվում է, թե գրեթե ամեն ինչ գիտեն Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու մասին, բայց այդպես չէ։ Sputnik Արմենիան ներկայացնում է հաջողակ քաղաքական գործչի կենսագրության հետաքրքիր փաստերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ուկրաինայի նախագահի ընտրության առաջատար Վլադիմիր Զելենսկին ոչ միայն հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ է, այլև դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ։

Զելենսկին Ուկրաինայի նախագահական ընտրության առաջատարն է. մշակվել է քվեների 45,45%–ը

Նա հայտնի է դարձել ՈւՀԱ–ին մասնակցելուց ու «Կվարտալ–95» ստուդիան ստեղծելուց հետո, բայց Զելենսկու կենսագրությունում կան նաև քիչ հայտնի փաստեր, որոնք պակաս ուշագրավ չեն։

Օրինակ` նա հետաքրքրվել է ոչ միայն ՈւՀԱ–ով, այլև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղով։ Դասարանցիները վստահեցնում են, որ նա այդ խաղում հաջողություններ է ունեցել, թեև չեն հիշում` թիմի ավագն էր, թե ոչ։

Բացի այդ, նա զբաղվել է ծանրամարտով, որոշակի հաջողություններ է ունեցել նաև սպորտում, բայց հետո թողել է ծանրամարտը։

Նրա կերպարի ամենաբնորոշ գծերից մեկը` խռպոտ ձայնը, հանգիստ չի տվել Զելենսկուն։ Նա բազմաթիվ անգամ խոստովանել է, որ այդ պատճառով շատ է մտահոգվել, բայց ինչ–որ պահի հասկացել է, որ դա իր հաղթաթուղթն է։

Զելենսկու մեկ այլ կարևոր յուրահատկությունն այն է, որ լսում է ծնողների կարծիքը։ 16 տարեկանում Զելենսկին դրամաշնորհ է շահել, որը նրան Իսրայելում անվճար կրթություն ստանալու հնարավորություն էր տալիս, բայց չի մեկնել ուսանելու, որովհետև հայրը դեմ է եղել։ Ավելի ուշ, հոր պնդմամբ, նա բռնել է իրավաբան դառնալու ուղին, թեև ուզում էր յուրացնել ռեժիսորի մասնագիտությունը։ Նշենք, որ նա ոչ մի օր չի աշխատել իրավաբանի մասնագիտությամբ։

Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա Զելենսկին ապագա կնոջ հետ ծանոթացել է դեռ դպրոցում։ Նրանք զուգահեռ դասարաններում են սովորել, սկսել են հանդիպել ուսանողական տարիներին, ամուսնացել են 7 տարի անց։

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է երեկ` ապրիլի 21–ին։ Քաղաքացիներն ընտրության 2 հնարավորություն են ունեցել` ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն ու առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին։ ԿԸՀ–ի տվյալով` Զելենսկին հաղթել է նաև երկրորդ փուլում` ստանալով ընտրողների քվեների ավելի քան 73%–ը։