ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հանրապետության հեռուստաալիքներում հայալեզու կոնտենտի նվազագույն ծավալը, որը սահմանված է օրենքով, շատ քիչ է։ Այդ մասին երկուշաբթի Հայաստանի խորհրդարանում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա նշեց, որ, օրենքի համաձայն, հայալեզու բովանդակությունը պետք է կազմի ընդհանուր կոնտենտի առնվազն 55 տոկոսը, լինեն դրանք ֆիլմեր, համերգներ, թե հարցազրույցներ։ Այդ նորմայի մեջ մտնում են, օրինակ, արտասահմանյան ֆիլմերը և սերիալները` թարգմանված հայերեն։ Այդ դեպքում նրանք նույնպես համարվում են հայրենական արտադրանք։
Ի տարբերություն Հայաստանի` Ղազախստանում և Ղրղըզստանում, որտեղ ռուսալեզու մարդիկ կազմում են բնակչությունը մեծ հատվածը, տեղական հեռուստատեսությամբ հայրենական կոնտենտի ծավալը 80 տոկոս պիտի լինի։
Միաժամանակ, Հայաստանում բնակչության 98 տոկոսը էթնիկ հայեր են, իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այսպես թե այնպես, գիտեն պետական լեզուն, բայց հաղորդումների միայն 55 տոկոսը պետք է հեռարձակվի հայերեն։ Հակոբյանի կարծիքով` դա անընդունելի է։
«Այդ նորմը պետք է փոխել, շեմը պետք է բարձրացնել», – կարծում է նա։
Հակոբյանը խոստովանեց, որ տեղի հեռուստաալիքները հետևում են օրենսդրության ներկա պահանջներին. մոնիտորինգը ցույց է տվել, որ միջինում հայրենական կոնտենտը կազմում է մոտ 60 տոկոս։ Որոշ ալիքների դեպքում այն հասնում է 85-90 տոկոսի։
Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ գրական հայերենին, ապա, Հակոբյանի կարծիքով, այդ պահանջը պետք է վերաբերի տեղեկատվական, մանկական, կրթական ծրագրերին, բայց ոչ գեղարվեստական բովանդակությանը։