Հայաստանը պետք է պնդի, որ Ցեղասպանության համար փոխհատուցում տրվի. Սաֆրաստյան

Թուրքիայում տեղի ունեցած ռեպրեսիաները ստիպեցին լռել նաև այն սակավաթիվ խիզախներին, որոնք պարբերաբար բարձրացնում էին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շարունակում է արգելված թեմա մնալ Թուրքիայում։ Այդ երկրի ներքաղաքական փոփոխություններն այսպես, թե այնպես անդրադառնում են ցեղասպանության հարցի վրա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող վահանակը կոտրված է

Ինչպես նշեց Սաֆրաստյանը, 2016 թվականին, երբ Թուրքիայում ապստամբության փորձ եղավ, նախագահ Էրդողանն ավելի ուժեղացրեց Թուրքիայում ոչ միան իր միանձնյա իշխանությունը, այլև ճնշումները թուրքական հասարակության ամենատարբեր շերտերի վրա: Այդ հալածանքները ստիպեցին լռել նաև այն սակավաթիվ խիզախներին, որոնք պարբերաբար բարձրացնում էին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

«Պետք չէ հուսալ, որ Թուրքիան մոտակա տարիներին ինչ–որ կերպ կփոխի իր դիրքորոշումը ցեղասպանության ճանաչման հարցում։ Ավելին` նշաններ կան, որ ռեպրեսիաները կսաստկանան», – նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է մյուս պետությունների կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուն, ապա, Սաֆրաստյանի կարծիքով, նրանք հիմնականում հարցին անդրադառնում են միայն Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման դեպքում։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահական վարչակազմի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին` փորձագետը ենթադրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս անգամ էլ ՆԱՏՕ–ի դաշնակիցների հետ հարաբերությունները պատմական ճշմարտությունից վեր կդասի։

Կհանդիպենք Հայոց ցեղասպանության հիշատակի օրը. ֆրանսիացի պատգամավորը` Չավուշօղլուին

«Կոնգրեսը կարող է համապատասխան փաստաթղթերը քննարկման հանել, սակայն Թրամփի վարչակազմը վճռորոշ պահին ճնշում կգործադրի օրենսդիր մարմնի վրա», – համոզված է Սաֆրաստյանը։

Ամերիկա–թուրքական հարաբերությունները լավ ժամանակներ չեն ապրում, այդ թվում նաև ռուսական С-400 համալիրները Թուրքիա մատակարարելու պատճառով։ Վատթարացման դինամիկան կարող է շարունակվել, սակայն Վաշինգտոնի համար Անկարայի դերը ռազմավարական առումով չի փոխվի, նշում է փորձագետը։

Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին, ապա, արևելագետի կարծիքով, պետք է աշխուժացնել ջանքերը փոխհատուցման հարցի վերաբերյալ։ Գործընթացը բարդ է, բայց պետք է ավելի հետևողական և հիմնավոր դրվի փոխհատուցման խնդիրը։

«Հայաստանը պետք է ավելի հաճախ բարձրացնի այս թեման և հետևողական լինի փոխհատուցումների տրամադրման հարցում։ Պետք է սկսել փոքր քայլերից, առանձին դատական հայցերից», – կարծում է նա։

Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը. մոմավառություն Սպիտակ տան դիմաց. տեսանյութ

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ նահանգների զգալի մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։