ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը ո՛չ պետությանը, ո՛չ Ծաղկաձոր համայնքին չի փոխանցվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը` մեկնաբանելով հյուրանոցի աշխատանքները դադարեցնելու մասին տարածվող տեղեկությունները։
«Հյուրանոցի աշխատելու մասին տեղեկություններ չունեմ, բայց հյուրանոցի նկուղային հարկում տեղակայված «Սենատոր» խաղատունն աշխատում է։ Դե իսկ եթե խաղատունն աշխատում է, ուրեմն հյուրանոցը դեռ սեփականատերերին է պատկանում, քանի որ խաղատունը սեփականատերերն են վարձակալությամբ տվել»,– ասաց Հարությունյանը։
Քաղաքապետը հայտնեց, որ հյուրանոցում աշխատողներ կան, բայց տեղյակ չէ` աշխատում են, թե վերանորոգում են անում։ «Կարող է դադար լինել, քանի որ հիմա սեզոն չէ, կարող են փակել, մեկ ամիս հետո` բացել, ծախսերից է կախված։ Ծաղկաձորում շատ կան հյուրանոցներ, որտեղ ապրիլ–մայիսին հիմնականում վերանորոգումներ են իրականացվում` ամռան սեզոնին ընդառաջ»,– ասաց նա։
Ծաղկաձորի քաղաքապետը չհաստատեց նաև հյուրանոցի աշխատակիցներին աշխատանքից ազատելու լուրերը։
«Հյուրանոցում Ծաղկաձորից աշխատողներ կան։ Եթե ազատված լինեին, այլ աշխատանք կփնտրեին, մեզ էլ կդիմեին այդ հարցով։ Հնարավոր է` հարկադիր պարապուրդի մեջ լինեն` աշխատավարձի 50 տոկոսով վճարվեն»,– ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք` «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատերը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն է։ Նա ԱԱԾ–ում իր նկատմամբ հարուցված քրեական գործով դիմել է նախաքննական մարմնին` «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու առաջարկով։
Այս մասին նոյեմբերի 28-ին հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնել էր, որ հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ Փաշինյանը նշել էր, որ հյուրանոցը պետք է դնել աճուրդի, դրանից ստացած գումարը մուտքագրել պետական բյուջե։