ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Դանիայի ամենահարուստ մարդը` Անդերս Հոլք Պոուլսենը, հայտնել է, որ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել են իր չորս երեխաներից երեքը։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail–ը։
Շրի Լանկայի ահաբեկչությունների հետևանքով մահացածների թիվը հասել է համարյա 300–ի, ևս 500 տուժել են։ Ձերբակալել են 24 մարդու։
Պաուլսոնը Bestseller ցանցի սեփականատերն է, նրան են պատկանում նաև Asos ընկերության բաժնեստոմսերի մեծ մասը։ Նա խոշոր հողատարածքներ ունի Շոտլանդիայում։
Գործարարի կարողությունը 5 միլիարդ ֆունտ է գնահատվում։
Մի քանի օր առաջ նա պատմել էր, որ իր մահից հետո կարողությունը թողնելու է զավակներին` Ալմային, Աստրիդին, Ագնեսին ու Ալֆրեդին։ Հայտնի չէ` ահաբեկչությունների հետևանքով որ երեխաներն են մահացել։ Հայտնի է, որ Պոուլսենն ընտանիքի հետ ճանապարհորոդում էր Շրի Լանկայում։
Ռումբերը գրեթե միաժամանակ պայթել են երեք հյուրանոցներում ու երեք եկեղեցիներում։ Ավելի ուշ ևս երկու ռումբ պայթել են մայրաքաղաքի մոտակա ավանում։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն ունեցածի համար պատասխանատվություն չի ստանձնել։ Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային: