2008 թվականի մարտի 1–ի բախումների ընթացքում տուժածները պետությունից օգնություն կստանան

Խոսքը 63 քաղաքացու, ոստիկանների, ներքին զորքերի աշխատակիցների, նաև նրանց իրավահաջորդների մասին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Խորհրդարանում քննարկվում է «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, ինչպես նաև այն անձին, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կտրվի փոխհատուցում», – օրինագիծը ներկայացնելիս` ասաց նախագծի հեղինակներից մեկը` ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

Քոչարյանի փաստաբանները նրա կալանքը պատիժ են համարում

Նրա խոսքով` օգնության ծավալն ու դրա տրամադրման մեխանիզմները սահմանելու է Հայաստանի կառավարությունը։ Կառավարությունը որոշում կկայացնի խորհրդարանի կողմից օրինագիծն ընդունելուց երեք ամիս անց։

Լենա Նազարյանը նշեց, որ այդ օրինագծով պետությունը ստանձնում է մարդու իրավունքի ու ազատությունների պաշտպանի կարգավիճակը։ Նա ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ ընտրությունները մինչ այդ էլ էին կեղծվել, բայց 2008 –ին երկրում ժողովրդավարական գործընթացները կանխելու համար մահացու զենք է կիրառվել։

«Այսինքն՝ տուժածների շրջանակն արդեն իսկ նշված է, ստացել ենք նաև ՀՔԾ-ից տեղեկանք, որ ծանր վնասվածք է այդ ժամանակ ստացել 63 անձ, այսինքն` նրանց ինքնությունը պարզ է»,-ասաց պատգամավորը։

Նրանց շարքում կան 13 քաղաքացիական, 20 ոստիկան, մեկ պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ։

Լևոն Տեր-Պետրոսյանի` Մարտի 1-ի գործով ցուցմունքը հրապարակվել է. «Ժողովուրդ»

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ խոսքը վնասի փոխհատուցման մասին չէ։ Հենց այդ պատճառով է այդ օգնությունը որակվում որպես «աջակցություն»։

Նա նաև ընդգծեց, որ տուժածները պետք է օգնության դիմեն օրինագծի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։